Պավել Կոստոմարով. Երևանում ամենաշատը սիրում եմ Կոնդը

PanARMENIAN.Net - Ռուս հայտնի ռեժիսոր Պավել Կոստոմարովը, ով Հայաստանում է «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանում ամենաշատը սիրում է Կոնդ թաղամասը: «Շատ եմ սիրում Կոնդը, սակայն վախենում եմ, որ այն շուտով կվերանա: Ես մեծ սիրով այնտեղ կապրեի»,- ասաց Կոստոմարովը: Նրա խոսքով հենց Կոնդում է երևում մարդը, որովհետև բազմաբնակարանային տները ծածկում են մարդուն, բացի այդ, Կոնդի երեխաներն էլ այնտեղ շատ ուրախ են: Բացի Կոնդից, ռեժիսորը անչափ սիրում է Երևանի Փակ շուկան, Գեղարդ տանող ճանապարհը, Չարենցի կամարը: Կոստոմարովը երկրորդ անգամ է Հայաստանում: Նա փառատոներին միշտ իր հետ վերցնում է տեսախցիկ և նկարահանում է մարդկանց: Նա խոստացավ, որ եթե մյուս տարի գա Հայաստան, մոնտաժած կլինի այդ կադրերը և կներկայացնի հանրության դատին: Բացի դրանից, նա երկու այցելություների ընթացքում նկարել է Կոնդը և փոքրիկ հոլովակ կպատրաստի Երևանյան հին թաղամասի մասին:

Պավել Կոստոմարովը ծնվել է 1975թ-ին Մոսկվայում:

2000-ին ավարտել է Մոսկվայի համառուսական պետական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորության ֆակուլտետը: Որպես օպերատոր աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Վ. Ասլյուկը, Ա. Ուչիտելը, Ս. Լոզնիցան, Ա. Պոպոգրեբսկին: 2004-ից հանդես է գալիս որպես ռեժիսոր: Կոստոմարովի աշխատանքներից երեքը մասնակցել են «Ոսկե ծիրան»ՄԿՓ-ին: 2010-ին նրա «Երկուսով» ֆիլմը լավագույն վավերագրական կինոնկար է ճանաչվել փառատոնում: Կոստոմարովի ստացած պարգևների թվում են նաև լավագույն ֆիլմի մրցանակը (Տամպերեի կարճամետրաժ կինոյի ՄՓ, 2004), «Արծաթե վիշապը» լավագույն վավերագրական ֆիլմի համար (Կրակովի ԿՓ, 2005), Արևելաեվրոպական լավագույն ֆիլմի մրցանակը (Լայպցիգի վավերագրական և անիմացիոն կինոյի ՄՓ, 2007) «Արծաթե արջը» Ա. Պոպոգրեբսկու «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի օպերատորական աշխատանքի համար (Բեռլինի ՄԿՓ, 2010):

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացված է նրա և Ալեքսանդր Ռաստորգուևի համատեղ «Ես քեզ սիրում եմ» ֆիմը: Այն արվել է սիրողական, բայց որակյալ տեսախցիկով: Տեսախցիկները բաժանվել են հասարակ մարդկանց, ովքեր նկարել են ինչ ցանկացել են: Արդյունքում ռեժիսորները ստեղծել են ֆիլմը այդ պատառիկներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---