ՀՀ ԱԳ նախարարը իր բրիտանացի գործըներոջը ներկայացրել է ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշումը

ՀՀ ԱԳ նախարարը իր բրիտանացի գործըներոջը ներկայացրել է ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Լոնդոն: Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի եւ Եվրոպական հարցերով պետնախարար Դեվիդ Լիդինգտոնի հետ:

Հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանյանն ու Դեվիդ Լիդինգտոնը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը»:

Բանակցությունների օրակարգում էր երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի նախարարների հետ հանգամանալից քննարկեց քաղաքական երկխոսության, երկկողմ հարաբերությունների խթանման, միջազգային կառույցներում փոխգործակցության, գործարար կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Նալբանդյանն ասաց, որ հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն եւ կարեւորեց տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ակտիվացումը: Որպես տնտեսական փոխգործակցության խորացման հնարավոր բնագավառներ նշվեցին բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան, տրանսպորտը, բանկային համակարգը: Երկուստեք նշվեց, որ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը լուրջ խթան կարող է հաղորդել տնտեսական կապերի ակտիվացմանը եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-բրիտանական գործարար ֆորում անցկացնելու մասին:

Նախարարները անդրադարձան Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը: Այս առումով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը ողջունեց Հայաստան-Եվրոպական միություն խորացող համագործակցությունը եւ մերձեցումը:

Հայաստանի եւ Միացյալ Թագավորության ԱԳՆ-երի ղեկավարները խոսեցին նաեւ տարածաշրջանային հարցերից, Մերձավոր, Միջին Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներից:

Զրուցակիցները մանրամասն քննարկեցին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները: Այդ ենթատեքստում, նախարար Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ դիրքորոշումները արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ եւ հույս հայտնեց, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի, իրատեսության եւ կառուցողականության դրսեւորման պարագայում հնարավոր կլինի հասնել հիմնահարցի հանգուցալուծմանը: Այս ենթատեքստում նախարար Լիդինգտոնը Միացյալ Թագավորության աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին, շեշտելով վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունն ու հիմնախնդրի ռազմական լուծման անընդունելիությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---