ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն կիսում է վարչակազմի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն կիսում է վարչակազմի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում նախօրեին տեղի ունեցան լսումներ Ջոն Հեֆերնի թեկնածության շուրջ, որը հավակնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին: Ելույթ ունենալով կոմիտեի անդամների առջև՝ Հեֆերնը պատրաստակամություն հայտնեց ձեռնամուխ լինել դեսպանի պարտականություններին Երևանում, ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման ու զարգացման իր տեսլականը՝ մտադրություն հայտնելով ամրապնդել երկու երկրների տնտեսական համագործակցությունը:

Անդրադառնալով ԱՄՆ հայ համայնքին ամենից շատ հետաքրքրող հարցերին, մասնավորապես Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ղարաբաղյան կարգավորմանը՝ Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը սարսափելի է ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման հրապարակավ 1,5 մլն հայերի ջարդը անվանեց 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը: «Նախագահը հորդորել է Թուրքիային ու Հայաստանին միասն աշխատել այդ փաստերի արդարացի ճանաչման համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իրագործեմ այդ տեսլականը»,-ասել է Հեֆերնը:

Հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինչպես նախորդ տարի, օգտագործեց «Մեծ Եղեռն» բառեզրը՝ խուսափելով ցեղասպանություն բառից: Օբաման իր ուղերձում 1,5 մլն հայերի ջարդը Օսմանյան կայսրությունում անվանեց «20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը»: Սակայն, արդեն երրորդ տարին անընդմեջ, խոսելով 1915թ. իրադարձությունների մասին, նա խուսափում է «ցեղասպանություն» բառից: Իր ուղերձում նա նաև նշել է, որ «պատմության վիճահարույց էջերը ապակայունացնում են ներկան ու ստվերում են իրենց կյանքը զոհաբերածների հիշողությունը»: Ըստ նրա, ԱՄՆ-ն հստակ գիտի դա, քանի որ իր պատմության մեջ ևս կան մութ էջեր: Լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու Օբաման խոստացել էր ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չկատարեց խոստումը:

Ակնկալվում է, որ սենատորները լրացուցիչ հարցեր կուղղեն Հեֆերնին առաջիկա օրերին:

Եթե Սենատը հավանություն տա Հեֆերնի թեկնածությանը, նա կփոխարինի Մարի Յովանովիչին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որն իր առաքելությունն ավարտեց հունիսին: Հեֆերնը այժմ զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---