Արմեն Գևորգյանը և Կորի Ուդովիցկին քննարկեցին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությունը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Կորի Ուդովիցկիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան: Կողմերն անդրադարձան Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությանը:

Ա. Գևորգյանը բարձր գնահատեց ծրագրի կողմից ՀՀ կառավարությանը ցուցաբերվող աջակցությունը և շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար, ընդգծելով, որ այն միշտ ուղղվել է այնպիսի հիմնախնդիրների լուծմանը, որոնք առաջնային են համարվել նաև ՀՀ կառավարության համար`աղքատության կրճատմանը, ժողովրդավարության կայացմանը, կաշառակերության դեմ պայքարին, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանը, համայնքների կարողությունների հզորացմանը: Փոխվարչապետն ընդգծեց, որ ՀՀ կառավարության համար գերակա է Հազարամյակի զարգացման նպատակների իրագործումը, և այս ցուցանիշների բարելավմանն աջակցելու առումով ևս անգնահատելի է ՄԱԶԾ-ի օժանդակությունը:

2006 թթ. սկսած ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում իրականացրել է 15 մլն դոլարի աշխատանք: Ա. Գևորգյանը կարևորեց, որ այդ ծրագրերը չեն կենտրոնացել միայն Երևանում, այլ ուղղվել են համայնքային կարողությունների,գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը` նպաստելով Երևանի և մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, մարզերում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև համայնքային կառույցների կողմից ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն այսօր ապակենտրոնացման քաղաքականություն է որդեգրել` կապիտալ ծախսերն ուղղելով դեպի մարզեր: Այս համատեքստում Ա. Գևորգյանը շնորհակալություն հատնեց ՄԱԶԾ-ին ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի մշակմանն աջակցելու համար, նշելով, որ այն կնպաստի մարզերի զարգացմանը: Փոխվարչապետն արդյունավետ գնահատեց նաև համագործակցությունը թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Կորի Ուդովիցկին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ՄԱԿ-ը նույնպես կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը` այն համարելով արդյունավետ և բազմապրոֆիլ: Կ. Ուդովիցկին նույնպես կարևորեց ապակենտրոնացման քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը:

ՀՀ փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ի դեմս ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի` տեսնում է կարևորագույն գործընկերոջ և համոզված է, որ ծավալված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---