Դոմինգոյի հիմնադրած Operalia մրցույթում Հայաստանը ներկայանալու է 3 մասնակցով

Դոմինգոյի հիմնադրած Operalia մրցույթում Հայաստանը ներկայանալու է 3 մասնակցով

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-24-ը Մոսկվայում կայանալու է հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի հիմնած Operalia օպերային երգիչների մրցույթը: Այս տարի մրցույթն անցկացվելու է Մոսկվայում: Բացումը կայանալու է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում:

Մրցույթի համար ներկայացվել էր ավելի քան 800 դիմում, որոնից ընտրվել են 40-ը` 20 երկրից: Մրցույթին Հայաստանը ներկայացնելու են 3 երգիչներ. սոպրանո Ռոզի Անուշը, ով ելույթ է ունեցել Պլասիդո Դոմինգոյի հետ Երևանում, սոպրանո Նարինե Եղյանը, և տենոր Մայքլ Քառլիյանը: Ռուսաստանի ներկայացուցիչների թվում է Խաչատուր Բադալյանը:

Մրցույթը Դոմինգոն հիմնադրել է 1993 թ-ին: Այն անցկացվում է ամեն տարի և ամեն անգամ աշխարհի տարբեր քաղաքներում (Փարիզ, Մեխիկո, Մադրիդ, Տոկյո, Պուերտո Ռիկո, Լոս Անջելես և այլն): Մրցանակային ֆոնդը կազմում է 175.000 ԱՄՆ դոլար: Նախատեսված է երկու առաջին տեղի մրցանակ ($30.000), երկու երկրորդ տեղի մրցանակ ($20.000), երկու երրորդ տեղի միցանակ ($10,000): Մրցանակներից մեկը հատկացվելու է լավագույն կանացի, մյուսը` տղամարդու վոկալի համար:

Բացի դրանից հատկացվելու են Բրիջիթ Նիլսոնի անվան $15.000 մրցանակ Վագների և Ստրոսի երգացանկից լավագույն կատարման համար, Պեպիտա Էմբիլ Դոմինգոյի` տենորի մոր անվան մրցանակ, լավագույն սարսուելա կատարող երգչուհուն ($10.000), տենորի հոր` Դոն Պլասիդո Դոմինգոյի անվան մրցանակ լավագույն սարսուելա կատարող երգչին ($10.000), Culturarte մրցանակ ($10.000), հանդիսատեսի համակրանքին արժանացած երգիչ և երգչուհի (Rolex ֆիրմային ժամացույց) և Ex aequo մրցանակ:

Մրցույթը ստեղծվել է ոչ միայն բացահայտելու նոր ձայներ, այլև այնպիսի անհատականությունների, ովքեր վաղը կդառնան օպերային աստղեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---