Ֆինանսների նախարարությունը պարզել է, որ 475 մահացած թոշակառուներ կենսաթոշակ են ստացել

Ֆինանսների նախարարությունը պարզել է, որ 475 մահացած թոշակառուներ կենսաթոշակ են ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության թվով 51 տարածքային բաժիններում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտել է տարաբնույթ ֆինանսական խախտումներ և թերություններ: Մասնավորապես, խախտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները, կենսաթոշակառուների մահվանից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցնելու փոխարեն հաշվարկվել և սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության միջոցով թվով 475 մահացած կենսաթոշակառուների գծով 2009-2010թթ. կատարվել են կենսաթոշակների անհիմն վճարումներ:

Առանձին դեպքերում խախտվել են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2003թ մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի պահանջները և կենսաթոշակառուների ՀՀ-ից բացակայելու և տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու դեպքերում կենսաթոշակի վճարումները դադարեցնելու փոխարեն կատարվել են կենսաթոշակի անհիմն վճարումներ` անհայտ անձանց:

Բացի վերը նշվածից անհիմն վճարումներ են կատարվել նաև կենսաթոշակի չափը սխալ հաշվարկելու արդյունքում: Վերոհիշյալ խախտումների համար մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու և պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ու վերականգնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստուգման նյութերը ուղղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը իրականացվում է ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության կողմից և յուրաքանչյուր կառույցում ֆինանսական խախտումների վերջնական (ճշտված) չափի վերաբերյալ եզրակացություն կարող է տրվել քննությունն իրականացնող մարմնի կողմից` քննության ավարտից հետո, հաղորդում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---