Արգենտինայի գյուղատնտեսության նախարարը սեպտեմբերին կայցելի Հայաստան

Արգենտինայի գյուղատնտեսության նախարարը սեպտեմբերին կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը, Արգենտինայի Գյուղատնտեսական Ընկերակցության նախագահ Ուգո Լուիս Բիոլկատիի հրավերով 2011-ի հուլիսի 19-ից 24-ը` Բուենոս Այրեսի 125-րդ Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, Արգենտինայի մայրաքաղաքում էր գտնվում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Այցի ընթացքում Հայաստանի գյուղնախարարը հանդիպումներ է ունեցել միջոցառման կազմակերպիչների, ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների, գյուղատնտեսության ոլորտում աշխատող արգենտինացի գործընկերների հետ:

Գործնական և արդյունավետ էին Սերգո Կարապետյանի հանդիպումները Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնորսության նախարարի առաջին տեղակալ Լորենսո Բասսոի հետ, որն այդ պահին փոխարինում էր Չինաստանում այցով գտնվող գյուղնախարար Խուլիան Դոմինգեսին: Երկօրյա քննարկումների արդյունքում, որոնց մասնակցում էին նաև Արգենտինայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և Բուենոս Այրեսում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ու Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնորսության նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր համագործակցության մասին: Նախարար Սերգո Կարապետյանը և փոխնախարար Լորենսո Բասսոն համաձայնել են, որ Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնորսության նախարար Խուլիան Դոմինգեսի գլխավորած պատվիրակությունը ս.թ. սեպտեմբերին կայցելի Հայաստան:

Բուենոս Այրեսի 125-րդ Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար՝ հաշվի առնելով Արգենտինայի զգալի առաջընթացը ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, խաղողագործության, անասնաբուծության, ձկնաբուծության բնագավառներում և կարևոր խթան կհանդիսանան երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում:

Արգենտինայի մայրաքաղաքում նախարար Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության վիճակը, պատասխանել սփյուռքահայերին հուզող բազմաթիվ հարցերին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---