Թուրքագետ. Հայկական հուշարձանների խնդիրը Թուրքիայի համար այդքան ցավալի չէ, որքան Եղեռնի հարցը

Թուրքագետ. Հայկական հուշարձանների խնդիրը Թուրքիայի համար այդքան ցավալի չէ, որքան Եղեռնի հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի, ինչպես նաև բուն Թուրքիայի համար, Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների ճակատագրի հարցը այդքան խնդրահարույց չէ, որքան Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, հուշարձանների հարցի արծարծումը Թուրքիայում ավելի քիչ խնդիրներ կհարուցի: Շաքարյանի կարծիքով, Թուրքիան, այսօր, կարծես տնային աշխատանք է կատարում հայկական հուշարձանները Թուրքիայում վերականգնելու գործում: Դրա մասին է վկայում Աղթամարի Սուրբ Խաչ և մի քանի այլ եկեղեցիների վերականգնման փաստը, սեպտեմբերի 11-ին Երևան-Վան չվերթ բացելու մտադրությունը: Թուրքագետը այս հարցում կարևորեց նաև հայ-հունական լոբբին և հայերի ու հրեաների շահերի համընկնումը:

Արտակ Շաքարյանը նշեց նաև, որ Թուրքիայում Ստամբուլից դուրս քրիստոնյա հայերի թիվը չնչին է, և Արևմտյան Հայաստանի եկեղեցիները վերականգնելուց հետո այդ եկեղեցիներն այցելող մարդիկ չեն գտնվի:

Թուրքագետը վերջում հավելեց, որ ամենաէականն այս գործում այն է, որ հերթական առիթն է ստեղծվում Հայոց ցեղասպանության մասին աշխարհին նորից հիշեցնելու համար:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱՄՆ ԱԳՆ-ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որտեղ կարող են ներառվել նաև 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ, որոնց հեղինակներն են կոնգրեսականներ Հովարդ Բերմանն ու Էդ Ռոյսը:

Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանության մասին թիվ 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Բանաձևում նախաձեռնողները կոչ են անում Թուրքիային կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդման բոլոր ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Տվյալ բանաձևի հեղինակները նաև կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել բռնագրավված հայկական, հունական, ասորական, և այլ քրիստոնեական եկեղեցիները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---