Կվերականգնվեն Մինաս Ավետիսյանի ևս երկու որմնանկարներ, որոնք կմնան Գյումրիում

Կվերականգնվեն Մինաս Ավետիսյանի ևս երկու որմնանկարներ, որոնք կմնան Գյումրիում

PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 28-ի նիստում որոշել է թույլատրել Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները։ Որոշման հաջորդ կետով թույլատրվել է «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ միջոցների հաշվին իրականացնել քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին շենքում գտնվող «Գորգ են գործում» որմնանկարի տեղափոխումը: Վերականգնումից հետո «Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը` Գյումրու Աբովյան փողոցի N 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահում։

Տեղեկանալով, որ մարզում դեռևս կա Մինաս Ավետիսյանի հեղինակած չորս որմնանկար, ինչպես նաև այլ արվեստագետների կատարած մոտ երկու տասնյակ աշխատանք, վարչապետը նշել է խնդրի նկատմամբ գյումրեցիների ցուցաբերած մեծ ուշադրությունը։ «Հասարակական կազմակերպություններին պետք է խնդրենք, որպեսզի այդ որմնանկարները փրկելու նոր առաջարկներ ներկայացնեն, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել, և եթե այդ հասարակական շարժումն օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել և փրկել որմնանկարները, ապա մենք մնացած չորսի վերաբերյալ նույնպես պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպեսզի դրանք մնան Գյումրիում կամ Շիրակի մարզում»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---