Ավարտվեց Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ավարտվեց Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը, որ մեկնարկել էր հուլիսի 17-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում:Սիմպոզիումի հանդիսավոր փակմանը ներկա էին նաև Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Իտալացի 15 քանդակագործները սիմպոզիումի շրջանակներում շուշվա կրաքարից կերտեցին ազատ թեմայով քանդակներ, որոնք առաջիկա տարվա ընթացքում տեղադրվելու են քաղաքի տարբեր մասերում` նպաստելով, նախաձեռնության հեղինակ քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով, քաղաքի ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքին ու արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավի ու կարգավիճակի վերականգմանը:

Ստեղծված քանդակներում գերիշխում են խաղաղության, ազատության և պայքարի թեմաները: «Առաջին իսկ հայացքից կարելի է նկատել, որ այս քանդակներն իրենց ոճով ու ոգով շատ են տարբերվում հայ քանդակագործների աշխատանքներից ու վստահաբար գեղագիտական ու բարոյահոգեբանական նոր շունչ են հաղորդելու Շուշիի ճարտարապետական ողջ միջավայրին», - նշեց քանդակագործ Վիգեն Ավետիսն՝ ամփոփելով սիմպոզիումի արդյունքները:

Սիմպոզիումի արդյունքները ամփոփվելու են հայերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակած ծավալուն կատալոգում: Ստեղծագործական ողջ ընթացքին հետևել է իտալական «Ստուդիո Կալի» նկարահանման ստուդիան, որն անդրադարձ է կատարելու Արցախի, Շուշիի, Հայաստանի ու Արևմտյան Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Ըստ նախնական պայմանավորվածության, ֆիլմը ցուցադրվելու է իտալական «Ռայ 1» (Rai 1) հեռուստատեսությամբ:

Սիմպոզիումը անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---