Երևանի ավտոբուսների շարժակազմը կհամալրվի 400 չինական ավտոբուսով

Երևանի ավտոբուսների շարժակազմը կհամալրվի 400 չինական ավտոբուսով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Պեկին կատարած այցի ընթացքում աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի մայրաքաղաքի տրանսպորտի կոմիտեում, ծանոթացել ոլոտում տարվող քաղաքականությանը, Պեկինի տրանսպորտի կառավարման սկզբունքներին ու մոտեցումներին: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հայկական կողմը, ներկայացնելով Երևանում տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթքացքն ու ներդրումային հնարավորությունները, չին գործընկերներին առաջարկել է մասնակցել ներդրումային ծրագրերին: Չինական կողմն իր պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջարկությունները և անհրաժեշտության դեպքում աջակցել փորձի փոխանակման առումով:

Ավտոբուս արտադրող չինական խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարության հետ պատվիրակությունը քննարկել է վարկային միջոցներով շուրջ 400 ավտոբուսների Երևան ներկրմանն առնչվող հարցեր:

Կարեն Կարապետյանը նաև հանդիպում է ունեցել ինովացիոն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աշխարհում առաջատար ընկերություններից մեկի` «Հուայվեյ տեքնոլոջի» ընկերության նախագահի հետ: Քննարկվել են Երևանում «Հուայվեյ թեքնոլոջի» –ի կենտրոն հիմնելու, ինչպես նաև` ոլորտում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Ստորագրվել է համագործակցության հուշագիր` ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Պեկինի գործարարության կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Պեկինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, ներկայացվել է Երևանում նախատեսվող ներդրումային 6 խոշոր ծրագիր: Նշելով իրենց հետաքրքրվածությունը` չինական կողմը խոստացել է ուսումնասիրել ծրագրերն ու կարճ ժամկետում արձագանքել:

Հայկական պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել նաև կանաչապատման և արտաքին ձևավորման կոմիտեներում: Քննարկվել են երկկողմ գործակցությանն ու ինչպես ներդրումային, այնպես էլ համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Պեկինի քաղաքաշինության թանգարանում Երևանի պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալ Չինաստանի մայրաքաղաքի քաղաքաշինության պատմությանն ու արդի նվաճումներին:

Այցի ընթացքում Երևանի պատվիրակությունը եղել է Պեկինի զբոսաշրջային կենտրոնում, ծանոթացել ոլորտի ուղղություններին ու ժամանակակից պահանջներին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---