Կարեն Կարապետյանը Պեկինի գործարարներին հրավիրել է Երևան

Կարեն Կարապետյանը Պեկինի գործարարներին հրավիրել է Երևան

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով հուլիսի 26-30-ը պաշտոնական այցով գտնվում էր ՉԺՀ մայրաքաղաքում: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ առաջին պաշտոնական այցը հագեցած էր բազմակողմ հանդիպումներով` ուղղված Պեկինի և Երևանի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելուն և քաղաքային կառավարման ոլորտում համագործակցության հիմքեր ստեղծելուն:

Կարեն Կարապետյանը և Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունը պաշտոնական հանդիպման ընթացքում կարևորել են երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների աշխուժացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Երևանը շահագրգռված է ու բաց մայրաքաղաքի զարգացմանն ուղղված կառուցողական առաջարկությունների քննարկման համար: Իր գործընկերոջը ներկայացնելով Երևանի զարգացման հեռանկարներն ու իրականացվող ծրագրերը` Կարեն Կարապետյանը չինական կողմին առաջարկել է մասնակցություն ունենալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերում` նշելով, որ Երևանը պատրաստ է Պեկինի գործարար շրջանակներին ներկայացնել ներդրումային մի շարք առաջարկներ, ինչպես նաև` կազմակերպել չին գործարարների այցը Երևան: Երևանի քաղաքապետը նաև շեշտել է, որ Երևանն այսօր բարենպաստ պայմաններ է ապահովում երկարաժամկետ և երաշխավորված ներդրումային ծրագրերի համար, որոնց իրականացմանը հետամուտ է չինական կապիտալը: Գործունեություն ծավալելով Երևանում` չին գործարարները հնարավորություն կունենան մասնակցություն ունենալ նաև տարածաշրջանի շուկաներում:

Երևանի քաղաքապետը չին գորընկերոջն առաջարկել է դիտարկել Երևանում Պեկինի և Պեկինում Երևանի տներ հիմնելու հնարավորությունները:

Գո Ցզինլուն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակել երկու մայրաքաղաքների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը և սիրով ընդունել է պաշտոնական այցով Երևան գալու հրավերը:

Հանդիպման ավարտին կողմերը հուշագիր են ստորագրել Երևանի և Պեկինի քաղաքապետարանների միջև համագործակցության վերաբերյալ:

«Պեկինի քաղաքապետի հետ ստորագրած համաձայնագիրը երկու մայրաքաղաքների միջև շարունակական հարաբերությունների սկիզբ է դնում: Իմ գործընկերոջը հրավիրել եմ աշխատանքային փոխադարձ այցով գալ Երևան, իսկ մինչ այդ, պայմանավորվածության համաձայն, աշխատանքային խումբ կստեղծվի: Շատ ենք կարևորում Պեկինի հետ մեր հարաբերությունները և, հաշվի առնելով Չինաստանի զարգացումներն ու ներդրումային հնարավորությունները, կարծում եմ, որ գործակցության ընդհանուր եզրեր կգտնենք: Ընդհանուր առմամբ հանդիպումը դրական և հեռանկարային եմ գնահատում»,– նշել է Կարեն Կարապետյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---