Կիրո Մանոյան. Թուրքիան պարբերաբար փնտրում է, թե ումից ներողություն պահանջի

Կիրո Մանոյան. Թուրքիան պարբերաբար փնտրում է, թե ումից ներողություն պահանջի

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, Երևանը պետք է հետ կանչի իր ստորագրությունները Հայ-թուրքական արձանագրությունների ներքո, քանի որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է նաև ղարաբաղյան հակամարտության լուծման հետ: Ստորագրությունների հետ կանչման հարցում հապաղելը ձեռնտու է թուրքական կողմին, ավելացրել է նա:

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից ներողություն է պահանջել», Կիրո Մանոյանն այն «անսպասելի» է անվանել՝ ավելացնելով, որ Թուրքիան պարբերաբար ներողություն է պահանջում տարբեր երկրներից: Նշելով, որ հայկական կողմը դրական է գնահատել Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Կիրո Մանոյանն ընդգծել է, որ թուրքական կողմի «պահանջների» առնչությամբ Երևանի լռությունն առաջ է բերում Սփյուռքի տարակուսանքը:

Թուրքիայի վարչապետի «դժգոհությունն» առաջ է բերել Հայաստանի նախագահի պատասխանը հայ դպրոցականի հարցին այն մասին, թե արդյոք հայերին սպասում է ապագա, որը կվերադարձնի նրանց Արևմտյան Հայաստանը Արարատի հետ միասին։ Այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որը փյունիկի պես միշտ հառնում է»:

Վերջերս Էրդողանն Իսրայելից պահանջել է ներողություն հայցել անցյալ տարվա մայիսին «Ազատության նավատորմ» միջազգային ծովային հումանիտար նավի վրա հարձակման համար, որի արդյունքում ութ Թուրքիայի քաղաքացի և մեկ թուրքական ծագումով ԱՄՆ քաղաքացի էր զոհվել: Հակառակ դեպքում Էրդողանը սպառնում է այցելել Գազայի սեկտոր: Իսրայելում դեռ չեն որոշել՝ հայցել ներողություն Թուրքիայից, թե ոչ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---