«Welcome Rest & Entertainment» առաջին հայկական փրայս-կատալոգը գրանցում է իր առաջին հաջողությունները «Զվարթնոցում»

«Welcome Rest & Entertainment» առաջին հայկական փրայս-կատալոգը գրանցում է իր առաջին հաջողությունները «Զվարթնոցում»

PanARMENIAN.Net - Բոլորովին վերջերս Հայաստանում լույս է տեսել ժամանցի և հանգստի վայրերի մասին առաջին փրայս-կատալոգը, որը կրում է «Welcome» անվանումը: Այն իրենից ներկայացնում է միասնական, համակարգված ու սպառիչ տեղեկատու Երևանի հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների, զվարճանքի կենտրոնների, ակումբների և մշակութային հաստատությունների վերաբերյալ: Կատալոգում ներկայացված բոլոր ընկերությունները հանդես են գալիս իրենց գնային առաջարկներով և դրանց դիմաց մատուցվող ծառայություններով:

Ինչպես նշեց կատալոգի գլխավոր խմբագիր Տաթևիկ Ղաբազյանը PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում, նմանօրինակ կատալոգ ստեղծելու գաղափարը առաջացել է ինքնաբուխ, այն իրադարձությունից հետո, երբ անհրաժեշտ էր պատշաճ կազմակերպել Լոնդոնից ժամանած իր հյուրերի հանգիստը:

«Ինձնից պահանջվեց բավականին երկար ժամանակ և համբերություն, մինչ կարողացա կաթիլ առ կաթիլ հավաքել ինֆորմացիա ինտերնետից և այլ աղբյուրներից: Ստացված տեղեկատվությունը անհրաժեշտ էր «զտել», ամբողջացնել և ստուգել վերջինիս իսկությունը հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով: Եվ այնուամենայնիվ, ձեռքիս տակ ունեցած տեղեկատվությունը լիարժեք չէր և ճշտումների ու լրացումների կարիք ուներ: Համոզված եմ, որ շատ շատերն են բախվում նման խնդրի հետ»,- ասաց Տ.Ղաբազյանը:

Այսպես ծնունդ առավ «Welcome»-ի ստեղծման գաղափարը: Կատալոգը նախատեսված է զվարճաքն ու հանգիստը գնահատող օտարերկրյա զբոսաշրջիկների և մեր հայրենակիցների համար: Այն կարող է դառնալ անգնահատելի ուղեցույց սեփական հանգիստը օպերատիվ կազմակերպելու գործում: «Welcome»-ի ստեղծման նպատակը սպառողին գովազդային քաոսի բերած հոգեբանական սթրեսից ազատելն է: Մեր օրերի տարատեսակ տեղեկատվության հոսքից գլուխ հանելն ու, այդքանով հանդերձ , կարողանալ գնահատել գոյություն ունեցող այլընտրանքային տարբերակը, այդքան էլ հեշտ չէ:

Կատալոգի առաջին համարը ներառում է 34 կազմակերպությունների ցանկ, սակայն, գլխավոր խմբագրի խոսքով, այն կընդլայնվի հերթական համարներում:

«Welcome»-ի հետ օտարերկրյա հյուրերի առաջին զանգվածային ծանոթությունը տեղի ունեցավ օրերս` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Արտերկրից ժամանած հյուրերը , որպես «Բարի գալուստ»-ի խորհրդանիշ և նվեր ստացան «Welcome» կատալոգի առաջին օրինակները:

«Ի դեպ, «Զվարթնոց» օդանավակայանն առաջիններից էր, որ ողջունեց փրայս- կատալոգի գաղափարը և աջակցեց «Welcome»-ի տարածմանը: Հուսով եմ, որ «Welcome Rest & Entertainment» փրայս կատալոգը կծառայի իր հիմնական նպատակին և կտա մարդկանց ընտրության հնարավորություն»- ավելացրեց Տ.Ղաբազյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---