Բարաք Օբաման արգելել է ցեղասպանության մեջ կասկածվող անձանց մուտքն ԱՄՆ

Բարաք Օբաման արգելել է ցեղասպանության մեջ կասկածվող անձանց մուտքն ԱՄՆ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է այն անձանց մուտքը ԱՄՆ, որոնց կասկածում են մարդու իրավունքների ու ցեղասպանություն գործելու մեջ: «Արգելվել է նաև այն օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք ծրագրել են, հրամայել են կատարել կամ օգնել են իրագործել բռնության զանգվածային գործողություններ քաղաքացիական բնակչության դեմ ռասայական պատկանելության, սեռի, սեռական կողմնորոշման, ցեղերի ու սոցիալական խմբերի պատկանելության հատկանիշներով, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով»,-ասվում է փաստաթղթում:

Օբաման նաև կարգադրել է ստեղծել Ոճրագործությունների կանխարգելման գործակալություն (Atrocities prevention board), որը կհետեևի բռնության խոշոր պոտենցիալ ակտերին ողջ աշխարհում: Ըստ նախագահի, «Հոլոքոսթից 66 և Ռուանդայի քաղաքացիական պատերազմից 17 տարի անց դեռ չի ստեղծվել խոշորամասշտաբ հանցագործությունների ու ցեղասպանության կանխման մեխանիզմ»: Որոշման պատասխանատուն կլինի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Արդեն կազմված է այն 33 երկրների ցանկը, որտեղ մարդու իրավունքները վտանգված են: Ամենից բարդ է վիճակն Աֆղանստանում, Կոնգոյում, Իրաքում, Մյանմայում, Պակիստանում, Սոմալիում, Սուդանում ու Շրի Լանկայում՝ նրանք ընդգրկվել են «կարմիր խմբի» մեջ: Ցեղասպանությունների կանխարգելման խումբը խորհուրդ է տալիս ճնշում գործադրել այդ պետությունների վրա ու խաղաղապահ առաքելություններ գործուղել այնտեղ:

«Նարնջագույն խմբում» ընդգրկված է ևս 25 երկիր: Ռազմական ստորաբաժանումներ այդ երկրներ կգործուղվեն միայն ծայրահեղ դեպքում: Այդ ցուցակում են հայտնվել նաև Վրաստանն ու Իսրայելը: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները պարզաբանել է, որ Օբամայի նախաձեռնությունը մարդու իրավունքների խախատումներ թույլ տված անձնաց հանդեպ մոտեցումը կանոնակարգելու փորձ է: Նա օրինակ է բերել այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակը», որտեղ ընդգրկված են Hermitage Capital հիմնադրամի իրավաբանի գործի հետ կապված պաշտոնյաները, որոնց մուտքն ԱՄՆ արգելված է:

Հարկ է նշել, որ Բարաք Օբաման իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր ընտրություններում հաղթանակի դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչ օրս չի կատարել խոսոտումը: Արդեն մի քանի անգամ է, ինչ նա ապրիլի 24-ի իր հայ համայնքին ուղղված ուղերձում այդ ողբերգական իրադարձություններն անվանում է Մեծ եղեռն հայկական եզրույթով, սակայն չի արտասանում Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը, այդպիսով իսկ նպաստելով թուրքական ուրացման քաղաքականությանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---