Ահաբեկչությունները Թուրքիայում բարկացրել են Գյուլին

Ահաբեկչությունները Թուրքիայում բարկացրել են Գյուլին

PanARMENIAN.Net - Թուրքիայում ահաբեկչությունների շարքից հետո, որը ութ մարդկանց կյանք խլեց, հրաժարական է տվել Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ Յուքսել Բաբալը, հաղորդում է CNN Turk-ը:

Այսօր թուրքական Հաքքարի քաղաքի Չուքուրջա շրջանում ռազմական մեքենայի երթևեկության ժամանակ ական է պայթել, հաղորդում է «Սաբահ» թերթը: Պատահարի արդյունքում յոթ (այլ տվյալների համաձայն` ութ) զինծառայող է զոհվել, որոնցից մեկը գումարտակի հրամանատար էր: Վիրավորների թիվը հասել է 11-ի: Նրանք մոտակա հիվանդանոց են տեղափոխվել: Դեպքի վայրում քննչական աշխատանքներ են իրականացվում:

Նախնական վարկածի համաձայն, ահաբեկչությունը կազմակերպել են ահաբեկչական Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամները: Պայթյունից հետո մեքենայի մեջ գտնվող զինվորականների վրա կրակ էին բացել:

Առավոտյան տեղի ունեցած ահաբեկչության տեղում ավելի ուշ կրկին ական է պայթել, զոհվել է մեկ զինծառայող, ևս մեկը ծանր վիրավոր է և մոտակա հիվանդանոց է տեղափոխվել: Պատահարի մանրամասները պարզվում են:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ահաբեկչության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարի գործողությունը սկսելու համար Թուրքիայի իշխանությունները չեն սպասելու Ռամազան ամսվա ավարտին: «Պետությունից ուժեղ բան չկա: Նա, ով գտնում է, որ պայթյունների, զենքի և սպանությունների միջոցով կկարողանա ինչ-որ բան ստանալ Թուրքիայի իշխանություններից, չարաչար սխալվում է»,- ասել է Գյուլը:

Օրերս Թուրքիայի իշխող կուսակցության 10-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռամազանի ավարտին Քրդստանի աշխատանքային կուսակցության հետ առավել կոշտ պայքար սկսելու մասին:

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ասիպ Կապլանը Թուրքիայի վարչապետի հայտարարությունները քրդերի դեմ պայքարը կոշտացնելու մասին համարել է ոչ այլ ինչ, քան ցեղասպանության սպառնալիք:

«Էրդողանին մնում է միայն հագուստը փոխարինել զինվորականի համազգեստով երկրորդ Սադամ Հուսեյնը դառնալու համար: Բռնությունից խուսափելու համար մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք, խորհրդարանի միջոցով: Երկխոսությունը կարող է շանս դառնալ օրենսդրական փոփոխությունների ներմուծման համար»,-ասել է Կապլանը:

Ընթացիկ տարվա հուլիսից բախումները իշխանություների ու ՔԱԿ միջև ավելացել են: Արդյունքում Դիարբեքիրում ոչնչացվել է կանոնավոր բանակի 13 խումբ: Տուժածների թվով այդ բախումներն ամենաարյունահեղն էին 2008թ. ի վեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---