Իրաքում նոր հայկական եկեղեցու շինարարությունը կավարտվի 2012 թվականի սկզբին

Իրաքում նոր հայկական եկեղեցու շինարարությունը կավարտվի 2012 թվականի սկզբին

PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի ինքնավար մարզ այցի շրջանակում Հայ Առաքելական եկեղեցու Իրաքյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը ծանոթացել է Դուհոք գավառի Ավրեսկ բնակավայրում նոր եկեղեցու շինարարության գործընթացին, գրում է The Armenian Weekly-ն: Հայկական եկեղեցու շինարարությունը ծրագրվում է ավարտել 2012 թվականի սկզբին:

Այցի ժամանակ արքեպիսկոպոս Ասատուրյանին ուղեկցում էին Զահոյի և Դուհոքի եկեղեցիների հոգևորականները: Արքեպիսկոպոսը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատարագ մատուցել Դուհոքում գտնվող Սբ. Ներսես Շնորհալու եկեղեցում:

Ավրեսկում նոր եկեղեցու կառուցման անհրաժեշտությունը ծագեց 2003թ. Իրաքյան պատերազմի սկսվելուց հետո, երբ հայերի մեծամասնությունը Բաղդադից և այլ քաղաքներից տեղափոխվեց երկրի հյուսիսային, ավելի անվտանգ շրջաններ:

Եկեղեցու շինարարությունը ֆինանսավորում են Գերմանիայի և Շվեյցարիայի Եկեղեցական Ասոցիացիաները: Նախքան 2003թ. պատերազմը իրաքյան հայերի թիվը կազմում էր 22-25 հազար, որից 15-17 հազարը բնակվում էին Բաղդադում, մնացածը` հիմնականում Բասրայում, Մոսուլում, Քիրքուքում և հյուսիսային սահմանամերձ Զախոյում: Բոլոր նշված համայնքներում գործում էին հայկական դպրոցներ, կրթական, սպորտային, մշակութային և բարեգործական կազմակերպություններ: Հայկական պարբերականներ գրեթե չէին հրատարակվում:

Իրաքյան հայերը ներկայացված են լուսավորչական և կաթոլիկ համայնքներով: ՀԱԵ Իրաքյան թեմը ենթարկվում է Մայր Աթոռ Ս.Էջմիածնին և 9 եկեղեցի ունի, որոնցից ամենամեծը Սբ.Գրիգոր Լուսավորչի եկեղեցին է Բաղդադում: Բացի դրանից, Բաղդադում գործում են ևս հինգ հայկական եկեղեցիներ: Քրիստոնյաները կազմում են Իրաքի բնակչության 3 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---