23 օգոստոսի 2011 - 20:43 AMT
Աղվան Հովսեփյան. Երևանում գործում է կայուն, զինված բանդա

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Երևան քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը:

Դատախազության մամլո ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը տեղեկացրել է, որ ավազակային հարձակումները հիմնականում արձանագրվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում: Յուրաքանչյուր դեպքով հարուցվել է առանձին քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Ընդ որում, քրեական գործերը քննվում են տարբեր քննիչների վարույթում, թեև կատարված հանցագործության ձեռագրերի նմանությունն ակնհայտ է:

Նշված երկու վարչական շրջաններում ընթացիկ տարում արձանագրվել է ավազակային հարձակման 5 դեպք, որոնցից 4-ը` Մալաթիա-Սեբաստիա, 1-ը` Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում: Հարձակումները կատարվել են վաղ առավոտյան` ժամը 4:30-6:00-ի սահմաններում: Հինգ դեպքում էլ հանցագործների թիվը եղել է 4-5, նրանք եղել են սև հագուստով, սև դիմակներով և ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Նկատի ունենալով քրեական գործերով ձեռք բերված ապացույցները` ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել նշված 5 քրեական գործերը միացնել մեկ վարույթում և նախաքննությունն իրականացնել համատեղ` քննությունը հանձնարարելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: «Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը: Եթե մայրաքաղաքում արձանագրված առաջին 1-2 դեպքերով ձեռնարկվեին անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքները և բացահայտվեին կատարողները, ապա այսօր դրանց շարունակությունը չէինք ունենա: Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության թիվ 1 նախապայմանը հանցագործության բացահայտումն է», - ասել է գլխավոր դատախազը` ցուցում տալով հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (Բանդիտիզմ): Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն կիրականացնի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը: