Hin Erivan Holding-ի ղեկավարը թույլ չի՞ տա Unibank-ին տնօրինել իր ունեցվածքը

PanARMENIAN.Net - «Յունիբանկ» ՓԲԸ-ն կոչ է անում «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրինությանը դադարեցնել ստահոդ տեղեկատվության տարածումը և փոխարենը կատարել վարկային պայմանագրերով ամրագրված իր պարտավորությունները: Այդ մասին նշված է «Յունիբանկից» տրամադրած հաղորդագրության մեջ:

«Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրինության հայտարարությունների առնչությամբ պարզաբանում ենք, որ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ն իրոք հանդիսանում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարկառու: Ընկերության և բանկի միջև վարկային պայմանագրեր կնքվել են 2007 և 2008թթ.: Սակայն, 2009թ.-ի մայիսին Մանվել Տեր-Առաքելյանը, պատճառաբանելով, որ տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերության գործունեության վրա, դիմել է բանկին` խնդրելով փոփոխել վարկերի մարման ժամանակացույցերը: «Յունիբանկը», իր սկզբունքներին համաձայն, ընդառաջ է գնացել վարկառուի` «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի խնդրանքին:

Բանակցությունների արդյունքում բանկը «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերությանն առաջարկել է վարկերի մարման արտոնյալ պայմաններ` 2 տարով տարաժամկետելով վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումների գործընթացը և 2 տարով երկարաձգելով վարկերի մարման պայմանագրային ժամկետները: Համաձայնագրերի կնքված և ստորագրված երկու օրինակները բանկը ներկայացրել է «Հին Էրիվան Հոլդինգ»-ին, սակայն ընկերության տնօրինությունն իր կողմից հաստատված օրինակները չի վերադարձրել բանկ:

Ավելին` այդ համաձայնագրերի ստորագրման նույն օրը Մանվել Տեր-Առաքելյանը մտափոխվել է և խնդրել բանկին պատրաստել համաձայնագրերի երկրորդ տարբերակը, ըստ որի բանկն իրականացնելու է միայն վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման 2 տարով տարաժամկետում:

Այն փաստը, որ Բանկը որոշում է կայացրել հօգուտ «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերության և հնարավորություն է ընձեռել վարկառուին ընտրելու իր համար առավել նպաստավոր տարբերակը, հաստատում է նաև ընկերության տնօրինությունը: Սակայն համաձայնագրերի առկայությունը չխանգարեց «Հին Էրիվան Հոլդինգ»-ին հրաժարվել սահմանված ժամկետներում վարկային պարտավորությունները կատարելուց:

Համաձայնագիրը ստորագրելուց երկու տարի անց` 2011թ.-ի մայիսին, Մանվել Տեր-Առաքելյանը հիշեց «Յունիբանկին» այդպես էլ չտրամադրած առաջին համաձայնագրերի գոյության մասին, որով նախատեսված էր նաև վարկի մարման ժամկետների երկարաձգում, և որոշեց առաջնորդվել այդ տարբերակով:

«Յունիբանկը» հերթական անգամ զիջեց վարկառուի խնդրանքին և առաջարկեց հիմք ընդունել համաձայնագրերի առաջին տարբերակը` պայմանով, որ ընկերությունը այդ համաձայնագրերի ստորագրված և կնքված բնօրինակը կներկայացնի բանկ: Միաժամանակ, «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերությունը խնդրեց «Յունիբանկին» իրեն տրամադրել հաջորդող գրավի թույլտվություն, որպեսզի հնարավորություն ունենա «Յունիբանկում» գրավադրված գույքը` «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը` որպես հաջորդող գրավի առարկա ձևակերպել նաև այլ բանկում` նոր վարկ ստանալու և Յունիբանկի վարկերը մարելու համար:

«Յունիբանկը» նման թույլտվություն վարկառուին տրամադրեց, սակայն մինչ օրս վարկի մարումները կատարված չեն: «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ն նաև հրաժարվեց բանկ ներկայացնել առաջին համաձայնագրի բնօրինակը` հայտարարելով, որ պատրաստ է մարել միայն վարկերի մայր գումարները, առանց կուտակված տոկոսագումարների:

Սահմանված կարգի համաձայն, «Յունիբանկը» վարկառուին է ներկայացրել համապատասխան ծանուցում, որով պահանջել է սահմանված ժամկետներում մարել ժամկետանց վարկի մայր գումարները և տոկոսագումարները: Դրան ի պատասխան Մանվել Տեր-Առաքելյանը դիմել է դատարան` պահանջելով սահմանափակել «Յունիբանկում» գրավադրված գույքի արտադատական բռնագանձման իրավունքը:

Վարկային պարտավորությունների կատարումը ձգձգելու նպատակով, Մանվել Տեր-Առաքելյանը ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում «Յունիբանկին» մեղադրել էր նաև փաստաթղթերի կեղծման մեջ, մինչդեռ ինքն է հրաժարվում փաստաթղթերի բնօրինակը բանկ ներկայացնելուց: Բնականաբար, այդ առնչությամբ «Յունիբանկը» դիմել է իրավապահ մարմիններին և խնդրել ստուգել Մանվել Տեր-Առաքելյանի մոտ առկա փաստաթղթերի իսկությունը:

Այս պարագայում անհասկանալի է «Հին Էրիվան Հոլդինգ» -ի տնօրինության դժգոհությունը ՀՀ ոստիկանության միջամտության վերաբերյալ: Չէ որ, հենց Մանվել Տեր-Առաքելյանն է դրսևորում գործարարին ոչ վայել պահվածք` անհիմն մեղադրանքներ ներկայացնելով բանկին և փորձելով խուսափել վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ամրագրված իր պարտավորությունների կատարումից»:

«Յունիբանկ» ՓԲԸ-ն այս տարվա հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի գործարար համբավը արատավորելու և զրպարտության համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---