1 սեպտեմբերի 2011 - 16:26 AMT
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի մեծահասակների կրթության փառատոն

Սեպտեմբերի 6-10-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Մեծահասակների կրթության փառատոն Տավուշ-2011» միջոցառումը։ Փառատոնի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նպատակը մեծահասակների կրթության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը նպաստելն է։

Մեծահասակների կրթության փառատոնը իրականացվում է Եվրամիության «Ոչ պետական սուբյեկտների և տեղական իշխանությունների զարգացման համագործակցության գործիք-Հայաստան» ծրագրի շրջանակում։ Նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։

Փառատոնի ընթացքում Տավուշի մարզի 4 քաղաքներում կազմակերպվելու են համայնքային զարգացման և կրթական հարցերին նվիրված աշխատաժողովներ, ցուցադրական դասընթացներ, թեմատիկ քննարկումներ, կինոնկարի ցուցադրում և այլ մշակութային միջոցառումներ։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Նշվում է, որ կարող է մասնակցել յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է ստանալ նոր գիտելիքներ և կարողություններ մեծահասակների կրթության վերաբերյալ։