1 սեպտեմբերի 2011 - 17:16 AMT
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի «Պերեզագրուզկա» թիմը

Սեպտեմբերի 16-18-ը Օդեսայում տեղի կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը: Այդ մասին հայտնում է most-odessa.info կայքը, հղում անելով առաջնության կազմակերպիչներին: Առաջնությանը մասնակցելու իրավունք են ստացել 50 լավագույն թիմերը 16 երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Կանադայից, Լատվիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից և Ուկրաինայից: Նախկինում առաջնություններ տեղի են ունեցել Իսրայելի Էյլաթ քաղաքում, Բաքվում և Կալինինգրադում: Հյուրերի թվում կլինեն խաղի մագիստրոսներ Ալեքսանդր Դրուզը, Մաքսիմ Պոտաշովը, Անդրեյ Կոզլովը, ինչպես նաև «Բյուրեղյա բուի» տիտղոսակրեր Իլյա Նովիկովը, Ալեքսանդր Ռուբինը, Ելենա Օռլովան, գիտակ Անատոլի Վասսերմանը:

Իր հերթին «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը հայտնել է PanARMENIAN.Net,-ին, որ առաջնությունում Հայաստանը կներկայացնի « Պերեզագրուզկա» թիմը Երևանից: Ըստ նրա, թիմը հանդես կգա ուժեղագույն կազմով, ասել է Քոչարյանը, որն այդ թիմի ավագն է: Նա հավելել է նաև, որ թիմին կաջակցի ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը: