Ժիրայր Լիպարիտյան. Թուրքիան և Հայաստանը Արձանագրություններից ավելին էին ակնկալում, քան դրանք կարող էին տալ

PanARMENIAN.Net - Թուրքիան և Հայաստանը Արձանագրություններից ավելին էին ակնկալում, քան դրանք կարող էին տալ: Ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: «Բացի հարաբերությունների կարգավորումից և սահմանի բացումից` երկու բնական և նվազագույն նպատակներից, Թուրքիան փորձում էր լուծել 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային քարոզարշավի խնդիրը, իսկ Հայաստանը փորձում էր վերջ դնել երկկողմ հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապելու խնդրին»,- ասել է Լիպարիտյանը:

Նրա կարծիքով, Անկարան և Երևանը անկեղծ էին իրենց մտադրությունների հարցում, սակայն նրանք խնդրին մոտեցել էին որպես դիվանագիտական հարցի, մինչդեռ դա շատ ավելին էր: Վավերացումը երկարաձգելու հիմնական մեղքը Թուրքիայինն է, որը մերժեց առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու` Հայաստանի գաղափարը. «Արձանագրությունների ձախողումը զգալիորեն ետ մղեց թուրք-հայկական հաշտեցման գործընթացը: Այդպես բոլոր հույսերը փոխարինվեցին փոխադարձ մեղադրանքներով բոլոր այն հարթություններում, որոնցում նախկինում չկային»,- ընդգծել է փորձագետը:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---