Թումո-ում բացվելու է ողջ տարածաշրջանում եզակի` գերմանական անիմացիոն ֆիլմերի ցուցահանդես

Թումո-ում բացվելու է ողջ տարածաշրջանում եզակի` գերմանական անիմացիոն ֆիլմերի ցուցահանդես

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-19-ը, ReANIMANIA 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայանալու է «Անիմացիոն ֆիլմեր Գերմանիայից» խորագրով ցուցահանդես: Այդ մասին հայտնեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին մամլո ասուլիսի ժամանակ: Այն կազմակերպվելու է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ: Քասունին նշեց, որ այս ցուցահանդեսը լինելու է ողջ տարածաշրջանում առաջինը, որտեղ ներկայացվելու են վերջին 15 տարվա գերմանական անիմացիայի անկախ հեղինակների աշխատանքները:

Այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալ ոչ միայն ամբողջական անիմացիաների, այլև նրա առանձին բաղկացուցիչների` պատկերի, շարժման, լեզվի, ձայնի և երաժշտության գործընթացների հետ: Ընդհանուր թվով ներկայացվելու է 15 անիմացիա:

Իր հերթին Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտի ներկայացուցիչ (IFA) Բեաթե Ռոզալիա Շմիդթը, ով ցուցահանդեսի դիզայնի ր պլանավորման պատասխանատուն է, իր գոհունակությունը հայտնեց և նշեց, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մշակութային կցորդ Կոնստանտին Ցելենտինն ասաց, որ ցուցահանդեսը բաղկացած է լինելու 2` լուսանկարչական և մոդելների բաժնից: Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի երևանցիների շրջանակներում:

Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը իր հերթին նշեց, որ այն առաջին ցուցահանդեսն է լինելու կենտրոնում, և ուրախ է, որ կենտրոնի այցելու երեխաները կշփվեն այդ արվեստի հետ: Նա նաև խոստացավ, որ ցուցահանդեսներն, իրենց մոտ, կրկին կազմակերպվելու են:

Ցուցահանդեսը ներկայացնելու է գերմանացի մասնագետ Յոհանես Ուոլթերսը, ով նաև վարպետության դասեր է անցկացնելու փառատոնի շրջանակներում:

Ցուցահանդեսը կայացել է Անկարայում, Ռիգայում, Վիլնյուսում, Շտուտգարտում և այլ քաղաքներում:

Բացի Երևանից, սեպտեմբերի 25-ին ցուցահանդեսը տեղափոխվելու է Գյումրի: Գյումրիում կայանալու են նաև փառատոնի անիմացիոն աշխատանքների ցուցադրությունները: Ակնկալվում է նաև ցուցահանդեսին ներկայացված գերմանացի անիմատորներից մեկի այցելությունը նույն քաղաք:

ReANIMANIA 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը այս տարի կայանալու է սեպտեմբերի 14-19-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---