Շվեյցարիայում կայացել է «Հայկական փառատոն Ցյուրիխում»

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին և 27-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Հայկական փառատոն Ցյուրիխում» միջոցառումը, որին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մասնակցում էին Երևանի մնջախաղի պետական թատրոնը, «Արմենոիդս» երաժշտական նախագիծը, նկարիչներ Ագնես Ավագյանն ու Մերի Ուոտչերը: Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, միջոցառումը կազմակերպել էին` շվեյցարաբնակ Ալինա Շտեյլի-Համբարձումյանը, Ցյուրիխի հայկական համայնքն ու Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառման հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Ուիտիկոն համալիրի ճեմասրահում, պաշտոնատար անձանց և հանդիսատեսի մասնակցությամբ, ուր ներկայացված էին նկարիչների աշխատանքները: Գեղանկարչուհի Ագնես Ավագյանը տեղում վրձնելով, ցուցադրել է երկու ձեռքով միաժամանակ աշխատելու իր կարողությունը: Հանդիսությանը բացման խոսքով հանդես է եկել Շվեյցարիայում ՀՀ փոխդեսպանը: Այնուհետև ներկայացվել է Մնջախաղի պետական թատրոնի և «Արմենոիդս» խմբի համատեղ «Հայկական Այբուբեն» նախագիծը` երաժշտության կենդանի նվագակցությամբ: Մնջախաղի թատրոնը հանդիսատեսի դատին է ներկայացրել նաև իր խաղացանկից «Խաղ» և «Արդաղիոն» ներկայացումները և հատված Յուրի Կոստանյանի «Աթոռը» մենաներկայացումից: Հաջորդ օրը` օգոստոսի 27-ին, Վոլկհաուզ սրահում տեղի է ունեցել «Արմենոիդս» երաժշտական նախագծի համերգը, որի ընթացքում հնչել են երաժշտախմբի լավագույն և ունկնդրի կողմից սիրված ստեղծագործությունները: ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Հայկական փառատոն Ցյուրիխում» նախագծի միջոցառումների մասնակիցն ու հանդիսատեսն էին ոչ միայն շվեյցարաբնակները, այլև Ֆրանսիայից ու Գերմանիայից հատուկ այդ նպատակով ժամանած արվեստասեր հանրությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---