10 սեպտեմբերի 2011 - 16:08 AMT
ԿԸՀ նախագահի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` Հրայր Թովմասյանի գլխավորությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի մահվան կապակցությամբ: Իր ուղերձում վարչապետը մասնավորապես նշում է. «Խոր վշտով տեղեկացա Գարեգին Ազարյանի անժամանակ մահվան մասին: Մեր գործընկերոջ վաղաժամ մահը վիշտ է պատճառել բոլորիս:

Մեծ է Գարեգին Ազարյանի ավանդը մեր երկրում մասնակցային ժողովրդավարության կարևոր բաղկացուցիչներից մեկի` ընտրությունների կազմակերպման պետական մարմնի կառուցակարգային զարգացման և ընտրական գործընթացի բարեփոխման գործում:

Այս ծանր պահին ցավակցում եմ Գարեգին Ազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին»:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, հաղորդում է Կառավարության մամլո ծառայությունը։