Երևանի աղբահանության ոլորտում պայմանագրերի թիվը հասնում է շուրջ 12000

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13 ին գումարված Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ներառված է եղել 18 հարց: Ավագանու հավանությանն է արժանացել «Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն օպերատորների միջոցով իրականացնելու մասինե որոշման նախագիծը, որն ուղղված է աղբահանության և սանմաքրման որակյալ ծառայությունների իրականացմանը: Երևան քաղաքում ներկայում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները մատուցվում են Երևան համայնքի ենթակայության 12 կազմակերպությունների միջոցով, որոնք չունեն բավարար տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Ավտոմեքենաների և այլ գույքի հիմնական մասը շահագործվում է 1985-86 թ.թ. –երից: Բավարար նյութատեխնիկական բազա ապահովելու համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 10 մլրդ դրամի ներդրում: Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Էդուարդ Ներսիսյանը ավագանուն տեղեկացրել է, որ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները բարձր որակով կազմակերպելու համար նախատեսվում է մրցութային կարգով ընտրել միջազգային երկու մասնագիտացած օպերատորներ, որոնց հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքելուց հետո, կապահովվի ազատ մրցակցային և բարենպաստ ներդրումային դաշտ: Այս հարցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ աղբահանության ոլորտում դեռևս տարեսկզբին առկա 6000 գործող պայմանագրերի համեմատ, այժմ տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի թիվը հասնում է շուրջ 12000 ի: Հետևողական վերահսկողություն է իրականացվում ֆինանսական հոսքերի ու հավաքագրման գործընթացի ուղղությամբ: Բացի այդ, վերջերս ընդունված «Աղբահանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, մրցույթը շահած օպերատորներին հնարավորություն կտրվի այլ կառույցների լիազորել աղբահանությունից և սանմաքրումից ծառայությունների դիմաց գումարների հավաքագրումը, ինչը կհանգեցնի ծախսերի նվազեցմանն ու կարգապահության բարձրացմանը: «Ոլորտում իրավիճակը կտրուկ փոխելու նպատակով անհրաժեշտ են լուրջ ներդրումներ», – նշել է քաղաքապետն ու հավելել, որ բիզնես տրամաբանություն ունեցող կառույցներում պետք է ստեղծել ներդրումների բարենպաստ դաշտ:

Մայրաքաղաքում անցկացվող աղբահանության և սանմաքրման ծառայությունների մատուցման մրցույթին պատրաստ են մասնակցել միջազգային 6 ընկերություններ:

Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել նաև Նոր Նորք վարչական շրջանի «Վիշապի այգու» տարածքում նախկինում կատարված հողհատկացման և շինթույլվության փոխարեն, որպես համարժեք փոխհատուցում, կառուցապատողին նույն վարչական շրջանի Լվովյան փողոցում շինարարություն իրականացնելու որոշման նախագծին: Այս դեպքում հաշվի են առնվել քաղաքացիների դիմում –բողոքները` այգում շինարարության վերաբերյալ:

Օրակարգում ներառված հարցերի շրջանակում՝ ավագանին նաև միաձայն հավանություն է տվել սոցիալապես անապահով, այդ թվում նաև ազատամարտիկների ընտանիքներին, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 3 բնակարանների անհատույց օտարման որոշման նախագծին: Ավագանու անդամների կողմից կրպակների ապամոնտաժման հետ կապված գործընթացը հստակեցնելուն ի պատասխան, Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ ապամոնտաժվել և շարունակվում են ապամոնտաժվել բացառապես չգործող, պայմանագրային ժամկետներն սպառած, կենտրոնական փողոցներում տեղակայված կրպակները: Իսկ այն դեպքերում,երբ կրպակը գտնվում է կենտրոնական փողոցներում, սակայն չի սպառել պայմանագրային ժամկետը,տնտեսվարողի հետ տարվում են բանակցություններ`այլընտրանքային լուծումներ գտնելու համար: Ավագանու հանրապետական խմբակցության անդամ Արա Մինասյանի հարցը վերաբերում էր ճանապարհային երթևեկությանը և , մասնավորապես, որոշ փողոցներում երկկողմանի երթևեկ կազմակերպելուն, ինչին ի պատասխան քաղաքապետը նշել է, որ խնդիրը կքննարկվի ճանապարհային ոստիկանության և քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ` օպտիմալ լուծումներ գտնելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---