Հայ գիտնականները խորհրդարանում ներկայացրել են իրենց խնդիրներն ու առաջարկները

PanARMENIAN.Net - «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամները սեպտեմբերի 16-ին Հայաստանի Ազգային Ժողովում հանդիպել են գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Armacad խմբի հիմնադիր և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնող խմբի անդամ Խաչիկ Գևորգյանը, հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Կրթության և գիտության նախարարության Գիտության պետհանձնաժողովի ղեկավար Սամվել Հարությունյանն ու Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը: «Շատ գոհ եմ հանդիպումից»,- ընդգծել է Գևորգյանը: Նա նշել է, որ խմբի անդամները նախորդ հանդիպմանը Արտակ Դավթյանին ներկայացրել էին 14 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, և «պետք է երախտագիտություն հայտնեմ, որ պարոն Դավթյանն ու հանձնաժողովը հարցում էին կատարել բոլոր կետերով, կազմակերպել քննարկումներ, և հանդիպմանը պատասխաններ տրվեցին, թե բոլոր կետերով ինչ է արվել»:

Գևորգյանի խոսքով, հանդիպմանը Սամվել Հարությունյանը պարզաբանումներ է կատարել յուրաքանչյուր կետի վերաբերյալ, բավական հագեցած քննարկումներ են տեղի ունեցել, «ծնվեցին նոր գաղափարներ, որոնք ընդունվեցին»: Նա մասնավորապես նշել է, որ ընթացք է տրվել խմբի առաջարկած բոլոր կետերին, մասնավորապես` «Անկախ գիտական փորձաքննության մասին» օրենքին, որոշ ոլորտներում ասպիրանտական տեղերի բաշխմանն ու ավելացմանը, ասպիրանտների կրթաթոշակի ավելացմանը, և հույս հայտնել, որ եթե գործընթացն այդ տեմպերով զարգանա, ապա շուտով բոլոր այդ հարցերը լուծում կստանան: Նա հավելել է նաև, որ հուսով է` խորհրդարանում 2012թ. պետբյուջեի վերաբերյալ մոտալուտ քննարկումների ժամանակ գիտությանը 3% կհատկացվի:

Գևորգյանը նաև հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ Դավթյանը խմբի անդամներին վստահեցրել է, որ հանձնաժողովի կամ Ազգային Ժողովի անունից շուտով հայտնի հայ գիտնականների անուններով կոչվող գիտական դրամական մրցանակներ կսահմանվեն գիտության տարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---