Սփյուռքը հիացած է Հայաստանի բանակի հզորությամբ

Սփյուռքը հիացած է Հայաստանի բանակի հզորությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված շքերթին մասնակցեցին Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցները: Ինչպես ավելի ուշ նշեցին սփյուռքահայերը, «ողջ հայ ժողովուրդը և Սփյուռքն հիանում և հպարտանում էր Հայաստանի Հանրապետության բանակի հզորությամբ, զինվորների մարտունակությամբ ու զինտեխնիկայի բազմազանությամբ ու կատարելությամբ»:

Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձը հիշարժան է ոչ միայն իր հոբելյանական տարիքով, ոչ միայն դարերով սպասված ու ցանկալի լինելով, ոչ միայն հայկական երկու պետություն` Հայաստան և Արցախ, ունենալով, այլ նաև նրանով, որ այս հոբելյանին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով ավելի քան 46 երկրներից ժամանած Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի 550 մասնակից:

Սեպտեմբերի 21-ի զորահանդեսին մասնակցեցին նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Խանֆերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի սաները, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, ազատամարտիկները, հատուկ նշանակության զորքերի բրիգադը, ոստիկանության, սահմանապահ զորքերը, խաղաղապահների բրիգադը, ռազմական ոստիկանությունը, ԼՂՀ ՊԲ զինծառայողները: Հրապարակով անցավ նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի շարասյունը, ինչպես նաև հոգևոր դասի ներկայացուցիչները: Զորահանդեսի հրամանատարն էր Գլխավոր շտաբի պետ, գեներլա-գնդապետ Յուրի Խաչատուրովը, իսկ շքերթն ընդունում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հրապարակում հավաքվածները առանձնակի խանդավառությամբ ընդունեցին երկնքում եռագույնը պատկերած Սու-25 կործանիչները և ռազմական տրանսպորտային Մի-24 և Մի-2 ուղղաթիռները: Հատկապես տպավորիչ էր ռազմական տեխնիկան՝ շքերիթին մասնակցեցին Էլբրուս 9Կ72 օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ( ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման SS-1c Scud B), «Տոչկա Ու» 9Կ79 համալիրներ, Ս-300 զենիթահրթիռային համակարգեր, C-125 «Պեչորա», «Կրուգ», «Օսա» համալիրներ, «Տիգր» ԳԱԶ-2975 մարտական մեքենաներ, Տ-72 տանկեր, ինչպես նաև զրահամեքենաներ, հրետանային համակարգեր, հակատանկային «Կոնկուրս» և «Շտուրմ-C» հակատանկային հրթիառային համալիրներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---