«Հերոսական բալլադ» երաժշտական ներկայացումը, իրոք որ, հերոսական էր

«Հերոսական բալլադ» երաժշտական ներկայացումը, իրոք որ, հերոսական էր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացավ «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացում, որը, իրոք, կարելի է անվանել «հերոսական»: Այն, անկասկած, վերջին 20 տարվա ամենամեծ իրադարձությունն էր: Միջոցառումը կարելի է համարել փառահեղ երկու տեսանկյունից` երաժշտական և ձևավորման:

Առաջին անգամ Երևանում պետական տոնին հնչեց դասական երաժշտություն: 20 տարիների ընթացքում պետական տոնակատարություններն ընթանում էին հայ էստրադայի և «ռաբիս» ոճի կատարողների` սկզբում ֆոնոգրամայի, հետո էլ ոչ այդքան որակյալ կենդանի կատարումներով և ցածրաճաշակ պարային համարներով: Հանրապետության 20-ամյակի առթիվ պետական համերգին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես եկավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը ներկայացրեց հայ կոմպոզիտորների` Երվանդ Երկանյանի, Ավետ Տերտերյանի, Մակար Եկմալյանի և այլ հեղինակների ստեղծագործությունները: Սովորաբար Հայաստանի հեռուստաընկերություններով դասական երաժշտությունը հնչում էր միայն սգո օրերին: Այս համերգով կազմակերպիչներն ապացուցեցին, որ մենք ունենք դասական այնպիսի ստեղծագործություններ, որոնք ներկայանալի են մեծ տոնակատարություններին և չեն զիջում օտարերկրյա շատ կոմպոզիտորներին:

Երկրորդ փաստը համերգ-ներկայացման լազերային և լուսային երկչափ և եռաչափ ձևավորումներն էին: Այն չի կարելի անվանել սոսկ «շոու»: Բացի դրանից, կայացավ «ցնցող» և «ֆանտաստիկ» ներկայացում, այն, միգուցե, ունեցավ և ուսուցողական բնույթ: Հատուկ էֆեկտների միջոցով մեր հայրենակիցներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացվեցին մեր պատմության զանազան դրվագներ, ներկայացվեցին հայ ազգի երախտավորները: Դա արվել էր ֆրանսիացի հեղինակների կողմից, սակայն պահպանվել էր ողջ ազգային ոգին: Այն շատ հուզիչ էր, տպավորիչ և, իսկապես, խոսքերն ավելորդ էին: Հատուկ էֆեկտները զարմացրել էին ոչ միայն հայերին, այլև օտար երկրներից ժամանած բոլոր հյուրերին: Մինչ ներկայացումը, հասարակության տարբեր խավերի մոտ զանազան դժգոհությունների ալիք էր բարձրացրել նման լայնամասշտաբ համերգի կազմակերպումը` հաշվի առնելով երկրի սոցիալական ոչ բարվոք վիճակը, սակայն համերգից հետո բոլոր մարդիկ համարյա միաձայն ողջունեցին նման ներկայացման կազմակերպումը, նրանք բոլորն էլ հաճելի ցնցում ապրեցին, ինչու ոչ հպարտություն, որ նման փոքր երկրում միջազգային մասշտաբի համերգ կազմակերպվեց: Այս ամենը ցույց է տալիս, որ մարդիկ ընկալում են այն, ինչ նրանց հրամցվում է: Հայոց պատմությունը և դասական երաժշտությունը հետաքրքություն առաջացրեցին բոլորի մոտ: Ժամանակակից տեխնիկան և տեխնոլոգիաները կարող են մեծ դեր խաղալ ազգային մտածելակերպի և սերունդներ դաստիարակելու հարցում:

Վերջում կայացած հրավառությունը գեղեցիկ կերպով եզրափակեց տոնը: Երևանի մի շարք բնակիչներ դուրս էին եկել պատշգամբ և հեռախոսներով ու լուսանկարչական ապարատներով հավերժացնում էին այն: Չէ որ մեր օրերում գրեթե ամեն օր հրավառություն է լինում:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---