Հոկտեմբերին աճուրդի են հանվելու «Բժիշկ Մահի» անձնական իրերը

Հոկտեմբերին աճուրդի են հանվելու «Բժիշկ Մահի» անձնական իրերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում աճուրդում վաճառվելու են բժիշկ Ջեք Գևորգյանի` «Բժիշկ Մահի» անձնական իրերը, հայտնում է Lenta.ru-ն, հղում կատարելով Associated Press գործակալությանը:

Աճուրդը կայանալու է հոկտեմբերի վերջին Նյու Յորքի տեխնոլոգիական համալսարանում (New York Technology Institute) և ներկայացվելու են նրա ձեռագրերը, 20 նկարները (բժիշկը եղել է նաև գեղանկարիչ և ստեղծագործել է հիմնականում մահվան թեմաներով) և անձնական իրերը: Իրերի գները դեռ պարզ չեն, սակայն ասվում է, որ դրանցից ստացած հասույթի մի մասը ստանալու է բժշկի միակ ժառանգորդը` զարմուհին, մյուս մասը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների կենտրոնին:

Ջեք Գևորգյանը ամերիկահայ բժիշկ է, ով էվթանազիա էր քարոզում: Զբաղվելով բժշկական պրակտիկայով` նա հանդես եկավ էվթանազիայի պաշտպանությամբ այն դեպքերում, երբ հիվանդին այլևս անհնար է բժշկական օգնություն ցուցաբերելլ, և որի տանջանքները չարժեն, որպեսզի նա շարունակի ապրել: 1989թ. նա մշակեց և կառուցեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների և թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու անընդունակ հիվանդի արյան մեջ: 1990թ. հունիսի 4-ին օգտագործելով մերսիտրոնը` իր կյանքին վերջ տվեց առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ 1990-1998թթ. մերսիտրոնից օգտվել են ավելի քան 130 մարդ: Գևորգյանի գաղափարները վճռականորեն դատապարտվել են բժշկական ընկերակցության և ԱՄՆ իշխանությունների կողմից: 1991թ. Գևորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու լիցենզիայից: Հետագայում նա չորս անգամ դատարան է ներկայացել, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պակասի պատճառով: 1999 թվականի մարտին Ջեք Գևորգյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գևորգյանը 10-25 տարվա ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007 թվականի հունիսի 1-ին լավ վարքի համար նահանգի պայմանական վաղաժամ ազատման Հանձնաժողովի որոշմամբ 79-ամյա Ջեք Գևորգյանին ժամկետից երկու տարի շուտ ազատ արձակեցին: Մահացել է 2011 թ-ի հունիսի 10-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---