Ռուսաստանը զգուշացնում է Բաքվին «քիթը չխոթել» ՄԱԿ ղարաբաղյան խնդրի առնչությամբ

Ռուսաստանը զգուշացնում է Բաքվին «քիթը չխոթել» ՄԱԿ ղարաբաղյան խնդրի առնչությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը բացահայտ կերպով զգուշացրեց Ադրբեջանին, որ նա պետք է հրաժարվի ղարաբաղյան կարգավորումը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելու փորձերից: «Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ոչ թե ՄԱԿ-ը, այլ ԵԱՀԿ-ն ի դեմս Մինսկի խմբի և նրա համանախագահների»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե «Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևերը չեն կատարվել Հայաստանի կողմից»:

Լուկաշևիչը չզլացավ մեկ անգամ ևս հիշեցնել Ադրբեջանին, որ ՄԱԿ բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում: Եվ դա լուրջ պատճառ է, որի համար ղարաբաղյան հարցը ՄԱԿ տեղափոխելն միանգամայն անիմաստ է: Այժմ էլ դյուրին չընթացող բանակցությունները լավագույն դեպքում կձգվեն երկար տասնամյակներ: Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ առաջին հերթին Ադրբեջանն ինքը չի կատարում ՄԱԿ-ում ընդունված բանաձևերը, ինչպես նաև մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների ընդունած մյուս փաստաթղթերը: Օրինակ, չնայած բոլոր բանաձևերին ու հայտարարություններին, մինչ օրս ադրբեջանական զինված ուժերը սիստեմատիկաբար խախտում են հրադադարի ռեժիմը, ինչը հաճախ զոհերի է բերում ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում:

Մյուս պատճառը, թե ինչու Ռուսաստանի համար շահավետ չէ Բաքվի ձգտումը, Ռուսաստանի դերն է այդ գործընթացում: ՌԴ-ն, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ միասին, հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ անդամ, և այսօր ստանձնել է առաջատարի դերն այդ գործընթացում, ինչը թույլ է տալիս նրան ցանկության դեպքում «բռի մեջ» պահել ինչպես Երևանին, այնպես էլ «Բաքվին, և թելադրել իր պայմանները: Անշուշտ, եթե գործընթացը տեղափոխվի ՄԱԿ, Մոսկվան կզրկվի այդ դերից, ինչը զգալիորեն կթուլացնի նրա դիրքերը տարածաշրջանում: Ավելին, դա զգալիորեն կամրապնդի ԱՄՆ դիրքերը, ինչն անցանկալի է Մոսկվայի համար:

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը միանշանակորեն չի պատրաստվում զիջել իր դիրքերը ու զրկվել ազդեցության հարմար գործիքից, նա, կարելի է ասել, փակեց Ադրբեջանի առաջ «ղարաբաղյան դուռը» դեպի ՄԱԿ, ուր նա ձգտում է հայտնվել ամեն գնով:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---