ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ՎՐԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայկական համայնքը հանդես է եկել բաց նամակով, որտեղ խոր վրդովմունք է հայտնել վերջերս Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ներկայացուցիչ Սանդրո Բրեգաձեի հայտարարությունների առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Black Sea Press»-ը, վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Բրեգաձեն ասել էր «Ամերիկայի հայկական լոբբիի` Վրաստանում հեղաշրջում անցկացնելու եւ այստեղ հայերին իշխանության բերելու կեզծ ծրագրերի մասին»: Համայնքի դժգոհությունն է հարուցել նաեւ Բրեգաձեի այն հայտարարությունը, թե Վրաստանի տարածքում ապրող հայերին չպետք է թույլ տալ մասնակցել երկրի նախագահի ընտրություններին: «Մեզ թույլ ենք տալիս նշել, որ հայկական համայնքը, որ երկրում էլ գտնվի, միշտ էլ սատարել եւ սատարում է նրա պետականությանը: Ելնելով վերը նշվածից` «Վերածնունդի» ներկայացուցչի հայտարարությունը թվում է, առնվազն, ոչ ճշմարտանման»,- նշվում է նամակում: Այնտեղ նաեւ ասվում է, որ Վրաստանի քաղաքացի հայերը երկրի հասարակության եւ պետության մի մասն են` այստեղից բխող բոլոր սահմանադրական իրավունքներով եւ պարտականություններով: Նամակում հույս է հայտնվում, որ այդ թեման այսուհետեւ նախընտրական քաղաքական բանավեճերի առարկա չի դառնա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---