Երևանում կբացվի սփյուռքահայ երեխաների նկարների ցուցահանդես

Երևանում կբացվի սփյուռքահայ երեխաների նկարների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Երևանի Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում բացվելու է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական նկարների մրցույթին` սփյուռքահայ երեխաների ներկայացրած աշխատանքների ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական նկարների մրցույթը հայտարարվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Ավելի քան 1000 նամակ է ուղարկվել համայնքների հայկական կազմակերպություններին, կրթական և մշակութային օջախներին: ՀՀ սփյուռքի նախարարության կոչին արձագանքել են աշխարհի տարբեր երկրների` ԱՄՆ-ի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ավստրալիայի և Լատվիայի 15 քաղաքների հայ համայնքները, անցկացվել են երեխաների և պատանիների նկարների մրցույթներ:

Արդյունքում 107 նկար ուղարկվել է Հայաստան` «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» մանկական նկարների մրցույթին: Մրցույթն անցկացվել է 3 տարիքային խմբերի (6-11տ., 11-14տ., 14-17 տ.) երեխաների և պատանիների միջև: Գլխավոր մրցանակի է արժանացել Սիդնեյից 16-ամյա Ռոզմերի Հալքպլյանի ստեղծագործությունը:

Ցուցահանդեսին ներկայացված բոլոր նկարների հեղինակները կպարգևատրվեն ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով:

Մասնակիցների համար մրցանակներ են սահմանել նաև Երևանի քաղաքապետարանը, «ԱրմենՏել» ընկերությունը և Կենտրոնական բանկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---