Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հավասարակշռված մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ

Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հավասարակշռված մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպել է Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության Արարողակարգային ծառայության ղեկավարի տեղակալ Պետեր Էլսներ-Մաքեյի հետ, որից հետո ըստ ավստրիական արարողակարգի իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել նախարարության գլխավոր քարտուղար Յոհաննես Կիրլեին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Յոհաննես Կիրլեն շնորհավորել է Արման Կիրակոսյանին Ավստրիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ դեսպանը իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի հայ-ավստրիական հարաբերությունների առավել զարգացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները` նշելով, որ ԵՄ հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը, և այդ համատեքստում մեծապես կարևորվում է Ավստրիայի` որպես ԵՄ անդամ երկրի հետ սերտ համագործակցությունը:

Յոհաննես Կիրլեի խնդրանքով դեսպան Կիրակոսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերջին զարգացումները` ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ավստրիական կողմի հավասարակշռված մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---