Անատոլի Ավետյանն իր «Վարդագույն քաղաք» կտավը նվիրել է քաղաքապետարանին

Անատոլի Ավետյանն իր «Վարդագույն քաղաք» կտավը նվիրել է քաղաքապետարանին

PanARMENIAN.Net - ՀՀ վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ Անատոլի Ավետյանի «Վարդագույն քաղաք» կտավն այսուհետ կզարդարի Երևանի քաղաքապետարանի երրորդ հարկի ճեմասրահը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ կտավը խորհրդանշական է՝ օգտագործված հայոց եռագույնի երանգներով, մեր մայրաքաղաքի պահապան հրեշտակի բիբլիական Արարատը պատկերող թևերով, մեծն Թամանյանի նախագծած, Երևանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող Հանրապետության հրապաակից մի դրվագով։

Կտավը, որպես նվեր, հանձնելով քաղաքապետարանին՝ գեղանկարիչը նշել է, որ թեև այն ձեռք բերելու տարբեր առաջարկություններ են եղել, այնուամենայնիվ ինքը որոշել է, որ «Վարդագույն քաղաքի» լավագույն տեղը Երևանի քաղաքապետարանն է։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը, շնորհակալություն հայտնելով գեղանկարչին նվերի համար, վստահեցրել է, որ թեև կտավը պատկերասրահում չէ, այդուհանդերձ դիտողների պակաս չի ունենա և քաղաքապետարանի այցելուներն ու հյուրերը հնարավորություն կունենան դիտելու և գնահատելու արվեստագետի ստեղծագործությունը։

Անատոլի Ավետյանի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի մի շարք պատկերասրահներում, ինչպես նաև տեղ են գտել Վատիկանում՝ Հռոմի Պապի հավաքածուում, նաև ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահների անձնական հավաքածուներում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---