Թանկարժեք օղու և ավտոմեքենաների սիրահարները ստիպված կլինեն ավելի շատ հարկ վճարել Հայաստանի պետբյուջե

Թանկարժեք օղու և ավտոմեքենաների սիրահարները ստիպված կլինեն ավելի շատ հարկ վճարել Հայաստանի պետբյուջե

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին կառավարությունում փոքր և միջին ձեռնարկատիրության վերաբերյալ կայացած Խորհրդի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Խորհրդի ներկայացուցիչներին ծանոթացրել է նոր հարկային բարեփոխումների փաթեթին: Ինչպես նշվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, օրենսդրական փաթեթը մշակվել է փոքր և միջին բիզնեսի համար միջավայրը հնարավորինս բարելավելու նպատակով և հարկային բեռը տեղափոխելու համար այն ոլորտներ, որտեղ կան ավելի բարձր եկամուտներ:

Մասնավորապես, վարչապետի խոսքով, եկամտահարկի սանդղակն այսուհետև պետք է լինի պրոգրեսիվ սկզբունքով կազմված, իսկ այն ֆիզիկական անձինք, ովքեր ստանում են 2 միլիոն դրամից ավելի եկամուտ, պետք է վճարեն ոչ թե 20 տոկոս, այլ 25 տոկոս եկամտահարկ:

Երկրորդ կարևորագույն փոփոխությունը վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, որոնց շուկայում կապահովվի հավասար հարկային դաշտ արտադրողների և ներկրողների համար: Մասնավորապես, 50 տոկոսով կավելացվի օղու արժեքային դրույքաչափը` ներքին շեմը թողնելով անփոփոխ` 500 դրամ: Այսպիսով, վարչապետի խոսքով, հայ արտադրողների, մանավանդ փոքր և միջին արտադրողների համար ավելի բարենպաստ պայման է ստեղծվում, որովհետև նրանք գնային առումով ավելի լավ վիճակում են հայտվում, իսկ թանկ օղիներից 2 մլրդ դրամ լրացուցիչ գումար կհավաքվի բյուջե:

Երրորդ կարևոր փոփոխությունը, այսպես կոչված, շքեղության հարկն է: Խոսքը գնում է 90 հազար ԱՄՆ դոլարից ավելի բարձր գին ունեցող մեքենաների մասին, որոնց մաքսային արժեքի նկատմամբ դրույքաչափը բարձրացվում է 20 տոկոսով: Բացի դրանից, 50 տոկոսով ավելացվում են խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման համար նախատեսված հաստատագրված վճարները, ինչը թույլ կտա 2 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ ապահովել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---