Տիգրան Սարգսյան. Նոր հարկային փաթեթը կբարելավի մթնոլորտը փոքր և միջին ձեռնարկատիրության համար

Տիգրան Սարգսյան. Նոր հարկային փաթեթը կբարելավի մթնոլորտը փոքր և միջին ձեռնարկատիրության համար

PanARMENIAN.Net - Նոր հարկային փաթեթը կբարելավի մթնոլորտը փոքր և միջին ձեռնարկատիրության համար, նոյեմբերի 2-ին կառավարությունում փոքր և միջին ձեռնարկատիրության վերաբերյալ կայացած Խորհրդի նիստում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդին ներկայացնելով հարկային բարեփոխումների մանրամասները:

«Կնվազի նաև հաշվետվությունների քանակը, եթե փոքր ձեռնարկատիրությունն աշխատում է լիցենզիոն դաշտում կամ ֆիքսված վճարների ոլորտում»,- ասել է նա:

Ինչպես նշվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, փոքր և միջին բիզնեսի համար կարևոր քայլ է արտոնագրային վճարների դաշտում գործունեության տեսակների ընդլայնումը: Խոսքը վերաբերում է հանրային սննդի գործունեությանը, հյուրանոցային տնտեսություններին, թեթև մարդատար մեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, վարսավիրանոցներին, ավտոտեխսպասարկման կայաններին, ավտոկանգառներին, բիլիարդ խաղերի կազմակերպմանը:

Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքով, նոր փաթեթում ներկայացված է հարկային գերավճարներն այլ պարտավորությունների դիմաց առանց ուսումնասիրման և ստուգումների հաշվանցման հնարավորության տրամադրումը: Նախկինում ընդամենը 100 հազար դրամի պարագայում էր թույլատրվում գերավճարները հաշվանցել` առանց հարկային մարմնի ստուգման: Այսօր այդ շեմն օրենքով բարձրացվում է մինչև 10 միլիոն դրամ, որն առաջին հերթին վերաբերելու է փոքր և միջին բիզնեսին: Այս կապակցությամբ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ դա վերաբերում է այն խոշոր բիզնեսին, որն զբաղվում է մեծածավալ ներկրումներով, սակայն չի ապահովում փաստաթղթաշրջանառությունը:

Տիգրան Սարգսյանը հաղորդել է նաև, որ խստացվում են առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղաշարժի պարագայում պատասխանատվության միջոցները, ծրագրվում է ներդնել նորմեր, որոնք պարտադրում են, որպեսզի խոշոր գործարքները լինեն անպայման անկանխիկ:

Նորարարությունների թվում է նաև ևս մեկ նոր գործիք, որը պարտադիր վճարներ է սահմանում հանքաքարի, սև և գունավոր մետաղների ջարդոնների, ինչպես նաև փայտանյութի արտահանման նկատմամբ, որոնց նպատակն է վերջիններիս վերամշակումը կազմակերպել Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---