Ժենյա Ներսիսյանը կտոնի իր 80-ամյա հոբելյանը իր հարազատ թատրոնում

Ժենյա Ներսիսյանը կտոնի իր 80-ամյա հոբելյանը իր հարազատ թատրոնում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի է ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին թատրոնի մամլո ծառայությունից, միջոցառման շրջանակներում դերասանուհուն շնորհավորելու են տարբեր թատրոնների ռեժիսորներ, ցուցադրվելու են դերասանուհու մասնակցությամբ հեռուստաթատրոններից դրվագներ: Ներսիսյանն էլ իր հերթին իր երկրպագուներին կուրախացնի իր ելույթով: Միջոցառման վերջում տեղի է ունենալու Հայկազ Երանոսյանի «Ժենյա Ներսիսյան» գրքի շնորհանդեսը:

Ժենյա Ներսիսյանը ծնվել է 1931թ.-ին` Երևանում: 1953թ.-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, որից հետո նույն թվականին Հր. Ղափլանյանի հրավերով ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն (ՊՀԹ): ՊՀԹ-ում խաղացել է մոտ 150 դեր: 1965թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1976թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Ունի բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր: 1995թ.-ին մեկնել է Լոնդոն, որտեղ Գ. Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: 1996թ. խաղացել է անգլիական բեմում անգլերեն լեզվով (Մարիամ`«Դատավճիռ») և արժանացել մամուլի և հասարակության բարձր գնահատականին: 1997-2002թթ. Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ: 2006թ.-ին վերադարձել է Հայաստան ու հանդես եկել Վիոլետ Վենաբըլ (Թ. Ուիլյամս`«Անսպասելիորեն անցյալ ամռանը»), Աննա Հաթավեյի դերով «Սիրո և մենության միջև» մոնոդրամայում: 2008թ. Թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում Էդվ. Օլբիի «Ամերիկյան երազանքում»: 2009թ-ից մինչ այսօր խաղում է Լյուսի Կուպեր` Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ`ՊՀԹ-ում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---