4 նոյեմբերի 2011 - 22:12 AMT
Դերասանուհի Ժենյա Ներսիսյանն արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևին

Նոյեմբերի 4-ին դերասանուհի Ժենյա Ներսիսյանը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևի` Ոսկե մեդալի: Վաստակաշատ դերասանուհին ՀՀ մշակույթի նախարարի 2011թ. նոյեմբերի 1-ի թիվ 829-Ա հրամանով պարգևատրվել է հայ թատերարվեստի, մասնավորապես մանկապատանեկան թատրոնի զարգացման, ինչպես նաև Սփյուռքում հայապահպանության գործում ունեցած վաստակի համար: Մեդալը հանձնվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, նրա 80-ամյա հոբելյանին նվիրված հատուկ երեկոյի ժամանակ:

Ժենյա Ներսիսյանը ծնվել է 1931թ. Երևանում: 1953թ.-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, որից հետո նույն թվականին Հր. Ղափլանյանի հրավերով ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն (ՊՀԹ): ՊՀԹ-ում խաղացել է մոտ 150 դեր: 1965թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1976թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Ունի բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր: 1995թ.-ին մեկնել է Լոնդոն, որտեղ Գ. Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ: 1996թ. խաղացել է անգլիական բեմում անգլերեն լեզվով (Մարիամ`«Դատավճիռ») և արժանացել մամուլի և հասարակության բարձր գնահատականին: 1997-2002թթ. Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ: 2006թ.-ին վերադարձել է Հայաստան ու հանդես եկել Վիոլետ Վենաբըլ (Թ. Ուիլյամս`«Անսպասելիորեն անցյալ ամռանը»), Աննա Հաթավեյի դերով «Սիրո և մենության միջև» մոնոդրամայում: 2008թ. Թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում Էդվ. Օլբիի «Ամերիկյան երազանքում»: 2009թ-ից մինչ այսօր խաղում է Լյուսի Կուպեր` Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ`ՊՀԹ-ում: