Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է սոցիալական նորարարության ճամբար

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է սոցիալական նորարարության ճամբար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-20 -ը Ծաղկաձորում առաջին անգամ կանցկացվի «Մարդամեջ» կոչվող սոցիալական նորարարության ճամբարը (SICamp):

Սոցիալական նորարարության ճամբարները սոցիալական խնդիրները լուծելու փորձ են` ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով։ Հայաստանում ճամբարի կազմակերպիչն է Եվրասիա համագործակցության կողմից իրականացվող Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը։

Հայաստանյան «Մարդամեջ» SICamp-ի տնօրեն Մանանա Ասլամազյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «Մարդամեջ»-ը ստացել է 66 հայտ և շուտով ժյուրին պետք է ընտրի 6 լավագույն գաղափարները, որոնց զարգացման և իրականացման շուրջ 5-6 խումբ կաշխատեն Ծաղկաձորում կայանալիք բուն ճամբարի ժամանակ։

«Մարդամեջը» լուրջ խաղի ֆորմատ է։ Այստեղ հավաքվում են գաղափարներ ունեցողներ, նախագծողներ և 2 օրում միասին փորձում են իրականացնել խնդրի լուծումը` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Կարևոր չէ, թե որ ոլորտին է առնչվում խնդիրը` բժշկական, սոցիալական, թե այլ։ Սա խնդիրների կոլեկտիվ լուծում է։ Այս ֆորմատը շատ մոդայիկ է արևմտյան երկրներում»,- ասաց Մանանա Ասլամազյանը և ավելացրեց, որ կազմակերպիչներից մի քանիսը շրջել են Հայաստանի մարզերով և պատմել միջոցառման մասին։ Ըստ նրա, մարզերում խնդիրներն ավելի շատ են։

«Մարդամեջ»-ին Ծաղկաձորում կմասնակցեն շուրջ 50 մարդ` նախագծողներ, ինտերնետի ակտիվիստներ և այլն։ Նրանց թվում են բլոգեր և տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոյանը, լրագրող և բլոգեր Արթուր Պապյանը և այլ մասնագետներ։

Առաջին օրը ժյուրին կհայտնի գաղափարները, կձևավորվեն թիմեր, երկրորդ օրը մասնակիցները կաշխատեն գաղափարի իրականացման շուրջ, իսկ 3-րդ օրը խմբերը շնորհանդեսների տեսքով կներկայացնեն իրենց կատարած աշխատանքը։ Մասնակիցները ապահովված կլինեն համակարգիչներով, ինտերնետով և այլ պարագաներով։ Տարբեր մասնագետներից բաղկացած ժյուրին կընտրի լավագույն գաղափարը։ Մանանա Ասլամազյանի խոսքով` հնարավոր է, որ լավագույն աշխատանքը փոքր ֆինանսավորում ստանա` դրամաշնորհի տեսքով։

«Իհարկե, 2 օրում ամբողջապես խնդրի լուծումը չես իրականացնի, այն վերջնական չի կարող լինել։ Կան գաղափարներ, որոնց լուծման գաղափարն իրականացնելու համար երկար ժամանակ է պանաջվում՝ թե' ծրագրային, թե' խնդրի պարբերական լինելու տեսանկյունից»,- նշեց Մանանա Ասլամազյանը և հավելեց, որ SICamp-երի արդյունք են badu.am (Սարայևոյում կայացած) և kanach.am (Թբիլիսիում կայացած) նախագծերը։

«Մարդամեջ» SICamp-ը ֆինանսավորվում է UNDP-ի և USAID-ի կողմից։ Ճամբարին աջակցում են Ինտերնյուս Հայաստանը և SICamp-ի գաղափարի հիմնադիրները։

Սոցիալական նորարարության ճամբար աշխարհում առաջին անգամ անցկացվել է 2008-ին երեք անգլիացիների կողմից` Քրիստիան Ալերտի, Դեն ՄքՔիլանի և Պոլ Միլերի: Նրանք, ոգեշնչվելով ԲարՔեմփերի և Հաքաթոների հաջող անցկացվող մոդելներով, հասկացել են, որ ընդամենը 24 ժամում կարելի է մշակել արդյունավետ վեբ լուծումներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---