ՏՄՊՊՀ մարզային ստուգայցերի արդյունքում 23 օրինախախտ տնտեսվարողներ ենթարկվեցին պատասխանատվության

ՏՄՊՊՀ մարզային ստուգայցերի արդյունքում 23 օրինախախտ տնտեսվարողներ ենթարկվեցին պատասխանատվության

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում հրապարակվեցին պարենային և ոչ պարենային շուկաներում գործող 23 տնտեսվարողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները:

Վարույթները հարուցվել են այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակման, վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ:

Իրավախախտները հիմնականում այն ընկերություններն են, որոնց օրինախախտ գործունեությունը հայտնաբերվել է Հանձնաժողովի մարզային ստուգայցերի ժամանակ: 2011թվականի ընթացքում ՏՄՊՊՀ-ը մեծ ռեսուրսներ է տրամադրել մարզերում առկա խնդիրների լուծման համար: ՏՄՊՊՀ-ը կարևորում է նաև հասարակության ակտիվ արձագանքը մրցակցային դաշտում առկա խնդիրների վերաբերյալ:

Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները ենթարկվեցին ընհանուր առմամբ 5 մլն 800 հազար դրամ ֆինանսական տույժի։ Դրանք են. «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա»ՍՊԸ` 1 մլն դրամ, «ՄՎ Քեմիքլ գրուպ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Արմեն-Համիկ» ՍՊԸ` 1 մլն դրամ, «Նարիմ» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Կրասկի սեյսի» ընկերություն` 700 հազար դրամ, «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ` 700 հազար դրամ, «Ֆելիքս-Սարգ» ՍՊԸ` 700 հազար դրամ:

Նկատի ունենալով մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ վարույթում գտնվող մյուս 16 ընկերությունների ապրանքաշրջանառության ծավալները և շուկային հասցված վնասը բավականին փոքր են, բացի այդ դրանք գործում են մարզերում` արտադրական փոքր ծավալներով և իրավախախտումը կատարվել է առաջին անգամ, Հանձնաժողովը որոշեց օրենքի շրջանակում անհամեմատ մեղմ պատիժ կիրառել վերջինների նկատմամբ` տալով խիստ նախազգուշացում:

Նախազգուշացման վերաբերյալ որոշում կայացնելիս` Հանձնաժողովը հաշվի է առել նաև այն, որ այս տնտեսվարողները հիմնականում փոքր բիզնեսի ներկայացուցիչներ են և նրանց հանդեպ կիրառվող տուգանքը կարող է էականորեն ազդել ընկերությունների հետագա գործունեության վրա: Այնուամենայնիվ, ինչպես նիստում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նույն իրավախախտումը կրկնելու դեպքում վերոնշյալ տնտեսվարողները կենթարկվեն ֆինանսական խիստ տույժի:

Հարկ է նաև նշել, որ տնտեսվարողները հիմնականում ընդունեցին իրենց կողմից կատարված խախտումը` նշելով, որ բավարար տեղեկացված չեն եղել օրենքին և հետայսու կբացառեն նման դեպքերի կրկնությունը, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---