Փոխվարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Փոխվարչապետն այցելել է Արմավիրի  մարզ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ: Փոխվարչապետը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մասնակցեց Մյասնիկյան համայնքի դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) «Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում, նախատեսված է 600 աշակերտի համար: Հաստատությունն ունի ժամանակակից պահանջներին համապատասխան գրադարան եւ մեդիա կենտրոն, վերապատրաստման կենտրոն, բացօթյա դասասենյակ։ Դպրոցի վերանորոգման եւ կահավորման համար ծախսվել է 1,5 մլն դոլար: Սա հիմնադրամի կողմից Արմավիրի մարզում հիմնանորոգվող հինգերորդ դպրոցն է` Քարակերտ, Շենիկ, Դալարիկ եւ Լեռնագոգ գյուղերի դպրոցներից հետո, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը։

Ա. Գեւորգյանը կառավարության անունից շնորհակալության հայտնեց հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին` հույս հայտնելով, որ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն: Նա գնահատելի համարեց այն, որ ուշադրություն է դարձվում ոչ միայն հաստատությունների վերանորոգմանը, այլեւ կադրերի վերապատրաստման հարցերին:

Փոխվարչապետն այցելեց նաեւ Արմավիրի թիվ 10 դպրոց, որն ընդգրկված է մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման երկրորդ ծրագրում, ծանոթացավ նախապատրաստական աշխատանքներին: Ծրագրով հատկացվել է 50 միլիոն դրամ: Տեղեկացվեց, որ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները: Այնուհետեւ Ա. Գեւորգյանը ծանոթացավ նույն ծրագրում ընդգրկված Արմավիրի թիվ 5 դպրոցում իրականացված աշխատանքներին: Դպրոցին առաջին հրատապ ծրագրով հատկացվել էր 90 մլն դրամ, որով հիմնանորոգվել են երեք մասնաշենքերը: Երկրորդ ծրագրով հատկացվել է 79 մլն 483 հազար դրամ` մյուս երկու մասնաշենքերի նորոգման համար: Դրանով ավարտին կհասցվի 1141 աշակերտի համար նախատեսված հաստատության վերանորոգումը:

Փոխվարչապետը պատասխանատուներին մեկ անգամ եւս հանձնարարեց հետեւել աշխատանքների որակին, ինչպես նաեւ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի դրանք հնարավորինս չխոչընդոտեն ուսումնական գործընթացին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---