Եվրախորհրդարանական. Մենք հուսով ենք, որ ընտրությունները Հայաստանում կհամապատասխանեն ԵԱՀԿ չափանիշներին

Եվրախորհրդարանական. Մենք հուսով ենք, որ ընտրությունները Հայաստանում կհամապատասխանեն ԵԱՀԿ չափանիշներին

PanARMENIAN.Net - Հայաստանը լավ առաջընթաց է ցույց տալիս եվրաինտեգրման գործընթացում, մասնավորապես, հիմա ԵՄ հետ համագործակցության բարձրացման ավելի ուժեղ կամք է զգացվում։ Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Վիգենինը։ «Մենք շատ ոգևորված ենք այս կապակցությամբ»,- նշել է նա։

Խոսելով գործընթացի զարգացման մասին՝ Վիգենինն ընդգծել է Խորհրդատվական խմբի դերը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որը համագործակցում է Խորհրդատվական խմբի հետ։ «Այն, որ Հայաստանը հրավիրել է Խորհրդատվական խմբին և հետևում է նրա խորհուրդներին, արդեն ազդանշան է, որ Հայաստանը բաց է և ձգտում է բարձրացնել համագործակցությունը»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ եվրաինտեգրացիայի ևս մեկ դրական կողմը արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն է։ «Մենք հուսով ենք, որ ընտրությունները Հայաստանում կհամապատասխանեն ԵԱՀԿ չափանիշներին, կլինեն ազատ և արդար։ Կարևոր է նաև, որպեսզի արդյունքը համապատասխանի ժողովրդի կամքին։ Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր պարտություն կկրեն, իշխանություններին են մեղադրելու անարդարության մեջ, բայց կարևոր է, որպեսզի այդ մեղադրանքները անհիմն չլինեն»,- ասել է պատգամավորը՝ հույս հայտնելով, որ Եվրախորհրդարանը նույնպես հրավիրված կլինի՝ որպես դիտորդ։

Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացում իրականացվող գործնական քայլերին՝ Վիգենինը նկատել է, որ շատ բան կախված է լինելու երկրի կամքից, և ԵՄ նոր քաղաքականության համաձայն, պարզ է, որ Հայաստանն ունենալու է ավելի շատ ֆինանսավորում, մուտք ԵՄ շուկաներ, եթե բարեփոխումներն իրականացվեն ճիշտ ուղղությամբ։

«Օրինակ, ազատ առևտրի գոտու առնչությամբ բանակցությունները բավական դրական զարգացում են ստանում։ Ընդհանուր առմամբ Ասոցիացման պայմանագիրը բավական համապարփակ փաստաթուղթ է և իր մեջ ներառում է բազմաթիվ տարբեր կողմեր, որոնցում նշված են հենց այն գործնական քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն և' երկրները, և' Եվրամիությունն իր կողմից»,- հավելել է Վիգենինը։ Այս համատեքստում նա նշել է նաև, որ դա, իհարկե, երկկողմանի գործընթաց է, և ԵՄ-ն նույնպես ավելի լավ պայմաններ կստանա առևտրի համար և այլն։

Բայց և այնպես, պատգամավորի կարծիքով, ավելի շատ շահելու է Հայաստանը. «Հայաստանը հնարավորություն կունենա բարելավելու պայմանները երկրում, բանակցությունների գործընթացն ինքնին արդեն դրական երևույթ է, և բարեփոխումների իրականացման արդյունքում Հայաստանը բավական կմոտենա անդամակցությանը և ապագայում դա ավելի հեշտ կլինի իրականացնել»։ Այս կապակցությամբ Վիգենինը բերել է Բալկանյան երկրների օրինակը, որոնք ԵՄ-ին անդամակցելու երաշխիքներ ստացան դեռևս 2003-ին, սակայն դեռ շատ հեռու են անդամակցությունից, ինչը երկու կողմերի ֆրուստրացիայի է հանգեցնում։ «Ես վստահ եմ, որ մի օր մենք կխոսենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին»,- ամփոփել է եվրախորհրդարանականը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---