Քաղաքապետ. Ջրամատակարարման 15-16-ժամյա ձմեռային գրաֆիկը պետք է պահպանվի նաև ամռանը

Քաղաքապետ. Ջրամատակարարման 15-16-ժամյա  ձմեռային գրաֆիկը պետք է պահպանվի նաև  ամռանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության ԱՊՀ երկրների, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռեմի Պոլին և «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանին: Շնորհավորելով մայրաքաղաքում ընկերության հնգամյա գործունեության կապակցությամբ, քաղաքապետը նշել է, որ այս ընթացքում եղել են թե ձեռքբերումներ և թե բացթողումներ։ Քաղաքապետարանից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը նաև նկատել է՝ «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենի վերջին փոփոխությունից հետո մատուցվող ծառայությունների առումով դրական տեղաշարժ է արձանագրվել:

Խոսելով «Վեոլիա» և «Երևան Ջուր» ընկերությունների պայմանագրային պարտավորությունների կատարման մասին, Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքի արդյունքում կբարելավվի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը, օպերատիվ լուծում կստանան առկա խնդիրները, որոնցից գլխավորը մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելն է:

«Համոզված եմ՝ դուք էլ կհամաձայնեք, որ ձեր աշխատանքի իրական գնահատականը տվողը պետք է լինեն երևանցիները, ովքեր իրականում պետք է զգան դրական փոփոխությունները: Կարծում եմ՝ նախ և առաջ պետք է հասնել նրան, որ ջրամատակարարման 15-16 ժամյա ձմեռային գրաֆիկը պահպանվի նաև ամռանը, ինչն էլ կհանդիսանա ձեր հանդեպ վստահության վերականգնման լավագույն գրավականը» - նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ քաղաքային իշխանությունները պատրաստ են այս հարցում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ընկերությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---