Լիտվան որպես ԵԱՀԿ նախագահ կոչ է անում այլևս չխախտել հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում

Լիտվան որպես ԵԱՀԿ նախագահ կոչ է անում այլևս չխախտել հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - 2011 թվականի ընթացքում ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ժամանակ Նախագահությունը, Մինսկի խմբի համանախագահներն ու անդամները, ինչպես նաև ԵԱՀԿ այլ երկրները կոչ են արել Ղարաբաղի հակամարտության կողմերին շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները Հելսինքյան ամփոփիչ ակտի սկզբունքների, այդ թվում ուժի չկիառման կամ ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիության, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների հիման վրա: Այս մասին ասվում է Լիտվայի նախագահության զեկույցում: Վերը նշվածը իր արտացոլումն է գտել Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որ ընդունվեց Վիլնյուսում դեկտեմբերի 6-ին: Այդ հայտարարությունում հինգ պատվիրակությունների ղեկավարները համաձայնության են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև մթնոլորտի բարելավման մասին խաղաղ կարգավորման ճանապարհին: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները նշեցին, որ երկու երկրների նախագահները պատրաստ են նոր հանդիպման առաջիկայում համանախագահող երկրների հովանու ներքո և պատրաստ են խաղաղության հաստմաման երկխոսության փորձի հիման վրա ուղիղ բանակցությունների շարունակությանը երկու ժողովուրդների կայունության և բարգավաճման համար:

Ինչպես նշվում է զեկույցում, վերջին տարում շփման գծում արձանագրվել են դատապարտման արժանի բազմաթիվ միջադեպեր, որոնք մարդկային զոհերի և տարածաշրջանում լարվածության սրման պատճառ են դարձել: «Նախագահությունը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ և լրացուցիչ միջոցների դիմել հրադադարի ռեժիմի ամրապնդման համար` համաձայնություն տալով կիրառելու մեխանիզմներ միջադեպերի հետաքննության համար, ինչպես նաև համաձայնելով ետ քաշել դիպուկահարներին առաջնային գծից»,- ասվում է զեկույցում:

Ադրբեջանական կողմը անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում զոհվում են ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Օրինակ, համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը: «Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք»,- նշվում էր Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:

Այս դեպքերից հետո ղարաբաղյան կողմը անցավ համարժեք գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը ևս զոհեր ունեցավ:

2012 թվականի հունվարի 12-ին ԵԱՀԿ Նախագահությունը Լիտվայից անցնում է Իռլանդիային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---