Կանադան դարձավ աշխարհի առաջին երկիրը, որը հայտարարեց Կիոտոյի համաձայնագրից դուրս գալու մասին

PanARMENIAN.Net - Կանադայի շրջակա միջավայրի նախարար Փիթեր Քենը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկիրը դուրս է գալիս Կիոտոյի արձանագրությունից: Կանադան դարձավ առաջին երկիրը, որը հայտարարեց կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համաշխարհային համաձայնությունից դուրս գալու մասին:

Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, Քենթը հայտարարել է, որ արձանագրությունը չի բխում Կանադայի շահերից և երկիրը ստիպված կլինի վճարել պայմանագրի չկատարման հետ կապված տուգանքները: Ըստ Քենթի, եթե երկիրը շարունակի կատարել ստանձնած պարտավորությունները, ապա բյուջեից պետք է վճարի 13,6 մլրդ դոլար: «Դա ստացվում է 1600-ական դոլար յուրաքանչյուր կանադական ընտանիքի հաշվով»,-հայտարարել է նախարարը՝ անվանելով արձանագրությունը «ոչ իրավասու լիբերալ կառավարության» ժառանգություն:

Քենթը նշել է նաև, որ նույնիսկ չնայած մուծումներին, ջերմոցային գազերի արտանետումները կշարունակեին աճել, քանի որ ԱՄՆ-ն ու Չինաստանը, որտեղ առկա է արտանետումների ամենամեծ քանակը, ի սկզբանե հրաժարվեցին ստորագրել Կիոտոյի համաձայնագիրը:

Քենթը հույս է հայտնել նաև, որ նոր գլոբալ համաձայնագիրը թույլ կտա պայքարել կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ: Կանադացի նախարարի հայտարարությունը հնչեց Դուրբանում նոր համաձայնագրի մասին համաձայնությունից մի քանի ժամ անց: Ըստ Քենթի, Դուրբանի համաձայնագիրը «սողանցքեր է թողնում Չինաստանի ու Հնդկաստանի համար», սակայն ճանապարհ է բացում դեպի առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---