Դեպի Եգիպտոս արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքը 2011թ կրճատվել է մեկ երրորդով

Դեպի Եգիպտոս արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքը 2011թ կրճատվել է մեկ երրորդով

PanARMENIAN.Net - Դեպի Եգիպտոս արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքը 2011թ. կրճատվել է մեկ երրորդով` զանգվածային հուզումների պատճառով. դրանք նպաստեցին նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի անկմանը, հայտարարել է զբոսաշրջության նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դեպի Եգիպտոս արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է 33 տոկոսով, ինչը շատ լուրջ կրճատում է»,-հայտարարել է զբոսաշրջության նախարար Մունիր Ֆահրիր Աբդելնուրը` Կահիրեում կայացած կոնֆերանսին, որը նվիրված էր նախորդ տարվա եգիպտական սեկտորի արդյունքների ամփոփմանը: Ըստ նրա, նախորդ տարի Եգիպտոս է այցելել 9 մլն 854 հազար արտասահմանցի զբոսաշրջիկ: «Դա հավաստի և հստակ տեղեկատվություն է, որը ստացվել է ՆԳՆ-ում և Պետական վիճակագրական ծառայությունում»,-հստակեցրել է նախարարը:

Նա բացատրել է, որ սեկտորի ցուցանիշները լավացել են փետրվարից սկսած, երբ Եգիպտոս են այցելել 2010թ զբոսաշրջիկների ընդամենը 20 տոկոսը: Սակայն վերականգնել նախորդ տարվա ցուցանիշները 2011թ ավարտին թույլ չտվեցին Կահիրեում հոկտեմբերին սկսված բախումները: Ամենաշատը քաղաքական անկայունության պատճառով տուժել է եգիպտական մայրաքաղաքի զբոսաշրջային սեկտորը, որը դարձել էր զանգվածային ելույթների կենտրոն: Նաև զգալիորեն կրճատվել է հարավեգիպտական հանգստավայրերի` Լուքսորի և Ասուանի զբոսաշրջիկների թիվը: «Սինայի և Կարմիր ծովի հանգստավայրերում իրավիճակը համեմատաբար ավելի լավ էր»,-ասել է նախարարը:

Հատկանշական է, որ այն զբոսաշրջիկները, որոնք, այնուամենայնիվ, գալիս են Եգիպտոս, ավելի քիչ միջոցներ են սկսել ծախսել «բուրգերի երկրում»: Եթե 2010թ յուրաքանչյուր արտասահմանյան զբոսաշրջիկ միջինը օրական ծախսում էր 85 դոլար, ապա 2011թ այս ցուցանիշը կրճատվել է մինչև 72 դոլար»,-ասել է նախարարը: Դա բացատրվում է նրանով, որ նվազել են զբոսաշրջային ծառայությունների գները:

«Այդ ամենը հանգեցրել է տուրիստական սեկտորի եկամուտների նվազմանը 12.5-ից 8.8 մլրդ դոլարի»,-հավելել է նա: Ընդ որում, նախարարը հույս է հայտվել, որ գալիք տարին ավելի հաջող կլինի Եգիպտոսի զբոսաշրջության սեկտորի համար:

«Մենք ապագային ենք նայում զգուշավոր լավատեսությամբ և մեծ հույս ունենք, որ 2012թ իրավիճակը կայուն կլինի, անվտանգ կլինի, իսկ դա բնականաբար, լավ անդրադարձ կունենա տուրիստական սեկտորի վրա»,-ասել է Աբելնուրը: Նա մանրամասնել է, որ տարվա սկզբից բացվելու է եգիպտական զբոսաշրջությունը տարածող ընկերություն: «Մենք մասնակցում ենք Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում և Ռուսաստանում տեղի ունեցող զբոսաշրջային համաժողովներին»,-ասել է նախարարը:

Տուրիստական սեկտորի աշխատակիցներին նա առաջարկեց մտածել նոր շուկաների, մասնավորապես, ասիականների բացման մասին: «Եվրոպայում ճգնաժամն իրոք շատ լուրջ է: Այն, անկասկած, կազդի նաև Եգիպտոսի զբոսաշրջության և ներդրումների վրա: Սակայն Ասիայում, տնտեսական իրավիճակը շատ ավելի կայուն է»,-մանրամասնել է Աբդելնուրը:

Եգիպտոսում զբոսաշրջության սեկտորը կազմում է երկրի ՀՆԱ-ի 11 տոկոսը: Զբոսաշրջությամբ երկրում զբաղվում է 3 մլն եգիպտացի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---