Իրանը Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է՝ զերծ մնալ ավելի մեծ ծավալներով նավթի արդյունահանումից

Իրանը Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է՝ զերծ մնալ ավելի մեծ ծավալներով նավթի արդյունահանումից

PanARMENIAN.Net - Իրանը Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է զերծ մնալ ավելի մեծ ծավալներով նավթի արդյունահանումից, եթե էմբարգո ընդունվի Իրանից էներգառեսուրսների մատակարարման համար: Ինչպես հայտնում է BBC, ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մուհամմադ ալ Հաթիբին հայտարարել է, որ ծոցի երկրները չպետք է համագործակցեն Եվրոպայի և ԱՄՆ հետ:

Եվրամիության և Ամերիկայի գործողությունները Հաթիբին անվանել է «անկանխատեսելի» և «ավանտյուրիստական»: Նա նաև կոչ է արել ՕՊԵԿ անդամ պետություններին վարել «իմաստուն քաղաքականություն»: Նախօրեին Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նաիմին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է էներգառեսուրսների մեծացման պահանջին, և այլ երկրներից նավթի մատակարարման դեպքում, իր երկրում նավթի արդյունահանումը կավելանա:

Այն մասին, որ Եվրամիությունը առաջընթաց է գրանցել իրանական նավթի արտահանման սահմանափակման հարցում, հայտնի դարձավ հունվարի 12: Էմբարգոյի վերաբերյալ բանակցություններին ակտիվորեն աջակցում է ԱՄՆ: Առաջարկվող համաձայնությամբ նախատեսվում է, որ Իրանից մատակարարման դադարեցումը կարող է փոխհատուցվել ՕՊԵԿ-ի այլ պետություններից նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու հաշվին:

ՕՊԵԿ-ին բաժին է հասնում նավթի համաշխարհային արդյունահանման 40 տոկոսը: Կարտելին անդամակցում է 12 երկիր, որոնց մեծ մասը գտնվում է Պարսից ծոցի տարածաշրջանում` Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Քաթար, Լիբիա, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր, Անգոլա, ՄԱԷ: Չնայած որ ՕՊԵԿ-ը կազմակերպության անդամներին տրամադրում է քվոտաներ նավթի արդյունահանման համար, նրանք միակողմանիորեն հաճախ գերազանցում են այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---