Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները

Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի (ՃԵԱԱԽ) հերթական նիստը։

Համաձայն հաստատված օրակարգի` խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանը հաշվետվություն է ներկայացրել ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի 2010-2011 թթ. գործունեության վերաբերյալ: Խորհուրդն ի գիություն է ընդունել ոլորտում իրականացված հանրային իրազեկման («Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում» և «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրերով միջազգային համաժողովներ) և կրթական աշխատանքների, ինչպես նաև Համաշխարհային բանկի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ իրականացվող «Անվտանգ գյուղեր» պիլոտային ծրագրի ընթացքի մասին զեկուցումները։ Նշվել է նաև, որ ՃԵԱԱԽ-ն արժանացել է Միացյալ Թագավորության Կենտի Արքայազն Մայքլի ճանապարհային անվտանգության 2010 թ. միջազգային մրցանակին` ՀՀ ճանապարհային անվտանգության ռազմավարության ընդունման և կիրառման համար, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Հաջորդիվ ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական տվյալները։ Խորհրդի անդամները քննարկել են ՃԵԱԱԽ-ի քարտուղարության մշակած ՃՏՊ տվյալների բազայի ստեղծման ծրագիրը, որի նպատակը հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ՃՏՊ տվյալների հավաքագրման բարելավումն է: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը` ուսումնասիրել տվյալների վերլուծության ներկայացված ծրագիրը և առաջարկություններ ներկայացնել դրա ձեռքբերման նպատակահարմարության կապակցությամբ:

Նիստում արծարծվել է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներին և բնակավայրերում արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջների հարցը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի ու տրանսպորտի և կապի նախարարներին մեկամսյա ժամկետում տեղեկանք ներկայացնել` Հայաստանում ինչպիսի ստանդարտներ են գործում այդ ոլորտում, և ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա խնդրին վերաբերող կանոնակարգերում և որոշումներում:

Մեկ այլ հարցով խորհուրդը հավանություն է տվել «Գործողությունների տասնամյակ» միջազգային գագաթաժողովը 2012 թ. ապրիլին Երևանում կազմակերպելու առաջարկին: Նշենք, որ 2011 թ. մայիսին Սերբիայում կայացած գագաթաժողովին տրվել է ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011-2020 թթ. «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագրի պաշտոնական մեկնարկը, որի նպատակը մինչև 2020 թ. 5 մլն մարդու կյանք փրկելն է։

Խորհրդի անդամները քննարկել են նաև ՀՀ և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության և 5 տարվա գործողությունների ծրագրից բխող 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում խմբագրել այն` հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները և դիտողությունները:

Խորհուրդը որոշել է Մեծ Բրիտանիայից որպես նվիրատվություն տրամադրված ամրագոտիների սարքը փոխանցել ՀՀ ոստիկանությանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---