«Զվարթնոցում» 44 հազար դոլարի մաքսանենգ ոսկյա զարդեր են հայտնաբերվել

«Զվարթնոցում» 44 հազար դոլարի մաքսանենգ ոսկյա զարդեր են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները, իրացնելով ՀՀ և ՌԴ մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների կողմից ավիափոխադրումներով իրականացվող մաքսային իրավախախտումների ոլորտում համագործակցության վերաբերյալ արձանագրության համաձայն ստացված օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վահե Հարությունյանի ուղեբեռը, որում հայտնաբերվել են սպիտակ ոսկուց, թանկարժեք քարերով չհայտարարագրված 10 զարդեր, որոնց ընդհանուր քաշը կազմել է 125 գրամ, իսկ մոտավոր արժեքը` նախնական գնահատմամբ` 19 հազար ԱՄՆ դոլար:

Փետրվարի 16-ին նույն վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, կրկին «Զվարթնոց» օդանավակայանում, մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Դուբայ-Երևան չվերթով ժամանած Հնդկաստանի քաղաքացի Ջիգնեշ Մեհտայի ուղեբեռը: Արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերել են սպիտակ և դեղին ոսկուց, թանկարժեք քարերով, չհայտարարագրված 9 զարդեր` 40,5 գրամ ընդհանուր քաշով, ըստ նախնական հաշվարկների մոտ 25 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով:

Ի դեպ, 2011թ. ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության կողմից հայտնաբերված ոսկյա իրերի մաքսանենգության 5 դեպքով կանխվել է ավելի քան 2,5 կգ չհայտարարագրված ոսկյա զարդերի ներմուծման փորձ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---